41 քառակուսի կիլոմետրը չի ձեւավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների հետեւանքով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկվա գործողությունների հետեւանքով այս բալանսը որեւէ ձեւով չի փոխվել։ Մեկ շաբաթ առաջ էլ էր այդ 41 քառակուսի կիլոմետրը՝ մայիսի 12–ից հետո ընկած ժամանակահատվածում, եւ երեկվա գործողությամբ էլ է այդ նույնը։ Այնպես չի, որ այդ 41 քառակուսի կիլոմետրը լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից։ Բազմիցս ասել եմ, որ մայիսի 12–ից հետո տեղի ունեցած գործընթացի հետեւանքով, տարբեր հատվածներում Ադրբեջանի եւ մեր Զինված ուժերի դիրքերը շախմատձեւ դասավորված են, երբեմն մխրճված են մեկը մյուսի մեջ անտրամաբանական ձեւերով։
Մայիսի 12–ից էլ առաջ, շուրջ 40 եւ ավելի քառակուսի կմ ՀՀ տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, սա արցախյան առաջին պատերազմի հետեւանքով։ Արցախյան առաջին պատերազմի հետեւանքով Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Այս հանգամանքների բերումով է, որ շատ կարեւորվում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը։ Միջազգային հանրությունն ասում է՝ սկսեք դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց եւ կողմնորոշվեք, թե ինչ մեթոդաբանության եւ ինչ իրավական հիմքերի վրա է դա տեղի ունենալու, որպեսզի այդ հարցերը մեկընդմիշտ փակվեն»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը