17 11 2021

Երևանում հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգն աստիճանաբար կհանվի

Երևանում հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգն աստիճանաբար կհանվի

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով հիփոթեքային վարկի տոկոսադրույքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը Երևանում աստիճանաբար կսահմանափակվի և կհանվի: 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 57 «կողմ» ձայն:

Առաջարկվում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքներին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում սահմանափակել, ապա աստիճանաբար հանել մինչև 2025 թվականը: Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, հիփոթեքային վարկը պետք է ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ` երկրորդ գոտու համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը, որից հետո 1.5 տարի դադար է առաջարկվում: Երևանի մնացած գոտիների համար նախապայման է առաջարկվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը:

Առաջարկվում է կարգավորել նաև անցումային հարաբերությունները, ըստ որի` եթե շինարարության թույլտվությունը ստացված լինի մինչև 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքներն ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում՝ առանց սահմանափակումների:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ