11 11 2021

Ընտրություններում 50 տոկոսից ավելի տոկոսի հաղթելու ֆենոմենը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Ընտրություններում 50 տոկոսից ավելի տոկոսի հաղթելու ֆենոմենը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Խորհրդային  Միության կազմաքանդումի արդյունքում ստեղծված Հայաստանի ինքնիշխան  հանրապետությունում  այս տարիների ընթացքում կայացել են բազմաթիվ ընտրություններ, որոնցից որևէ մեկում գործող իշխանությունը պարտություն չի կրել: Սույնը ներհատուկ է նախկին ԽՍՀՄ-ը կազմած գրեթե բոլոր երկրներին: Առանձին բացառությունները պայմանավորված են դեմոկրատական աշխարհի հետ հաստատած խորը ինտեգրումով: Այս մասին գրել է ԱԱԾ պահետսազորի սպաների միությունը իր ֆեյսբուքյան էջում:

«Վերլուծությունները ցույց են տալիս, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս Հայաստանում գործող իշխանության վերարտադրումը, հնարավոր է եղել ի հաշիվ մի շարք գործոնների, որոնք ներկայացնում ենք ստորև:

1․ Բյուջետայիններ։ Բյուջետային ոլորտում զբաղված աշխատունակ բնակչության մոտավորապես 15 տոկոսն ընտրությունների ժամանակ անխոս կատարում է ընտրություններին մասնակցելու  և գործող իշխանությանը կողմ քվեարկելու իր ղեկավարի ցուցումը կամ, զինվորականների պարագայում, հրամանատարության ղեկավարությամբ ներկայանում է ընտրական տեղամաս։

Այս կատեգորիան պետծառայողներն են, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, ուսուցիչները, բժիշկները, բանակի ու ուժային կառույցների ներկայացուցիչները,  այսինքն՝ նրանք, ովքեր ունեն մշտական աշխատանք, միջին աշխատավարձ, երաշխավորված ինչ-ինչ արտոնություններ։ 

Բյուջետային ոլորտում զբաղվածների գլխավոր մղձավանջը իշխանության հնարավոր փոփոխությունն է, ինչով էլ պայմանավորված է նրա հակվածությունն առ իշխանություն։ Նրանք իրենց ընտանիքների, համախոհների հետ միասին իշխող կուսակցության համար ընտրություններում ապահովում են ձայների շուրջ 20 տոկոսը:

2․ Օլիգարխներ: Այս կատեգորիայի տակ դիտարկված են նրանք, ովքեր տնտեսությունում, ֆինանսական աշխարհում ունեն մենաշնորհային դիրքեր,  նյութական ահռելի միջոցներ և իրենց կոլեկտիվներով ու կլաններով պատրաստ են իշխանություններին հաճոյանալուն: 

Այս կատեգորիայի լուրջ բաղկացուցիչ են նաև պետական լծակներից  օգտվելու հոտն առած նորահայտ բիզնեսմենները, ովքեր նոր օլիգարխիաներ ձևավորելով`իշխող կուսակցության համար ապահովում  են ընտրողների ձայների մոտ 5 տոկոսը:

3․ Իշխանությունների ֆանատներ (զոմբիներ), աղանդավորներ, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ: Այս կատեգորիան գործող առաջնորդին (ռեժիմին) ֆանատիկորեն հավատացող, կուրորեն ծառայող և կամ շնորհած արտոնություններից սնվող քաղաքացիներն են, ովքեր գործնականում հանդուրժում են, ներում իրենց կուռքի ցանկացած սխալ։ Այս կատեգորիան իր կուռքին ապահովում է ընտրողների ձայների շուրջ 3 տոկոսը (այս թիվը առավելապես վերաբերելի է  վերջին համապետական ընտրություններին):

4․ Հակաքոչարյանականներ, հակասերժականներ։  Սրանք հասարակության այն մասն են (գերազանցապես` լևոնականներ), ովքեր ատում են ինչպես առաջինին, այնպես էլ՝ երկրորդին։ Սրանք մարդիկ են, ովքեր երկրորդ և երրորդ նախագահների  ժամանակ կորցրել են իրենց աշխատանքը, հասարակության մեջ ունեցած երբեմնի դիրքը, ազդեցությունը, դատապարտվել են, զրկվել են բիզնեսից, բախվել են սոցիալական անարդարությանն ու բյուրոկրատիային։ Կատեգորիան գործող իշխանություններին կայունորեն ապահովում է  մոտ 5 տոկոս  ձայն:

5․Նախընտրական հետապնդումներ, ճնշումներ: Նախընտրական մրցավազքում ազդեցիկ գործոն են դառնում նաև ընդդիմության առաջնորդների բանտարկությունները, նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցումը, այլ բնույթի հետապնդումները։ Շատերն աշխատում են հնարավորինս հեռու մնալ, մեկուսանալ հետապնդվող անձանցից՝ գործելով «շառից, փորձանքից հեռու» մտայնությամբ, պահպանելով չեզոք պահվածք ու վարքագիծ։ Բռնաճնշումների և սփռված վախի հետևանքով այդ մարդիկ չեն մասնակցում ընտրություններին կամ քվեարկում են հօգուտ իշխանության` դրանով իսկ մոտավորապես ապահովելով գրեթե 3 տոկոս ձայն:

6․ Հանցավոր ենթամշակույթ կրող անձինք: Ընտրությունների շեմին գործոն են դառնում, այսպես կոչված, քրեական հեղինակություններն ու օրենքով գողերն իրենց ազդեցության տակ գտնվող տարրերով։ Վերջիններս գրեթե ամբողջությամբ  հակված են իշխանության կողմը։ Այս կատեգորիան իշխանության համար ապահովում է ձայների մոտ 4 տոկոս:

7․ Անտեսակետ, անսկզբունք, կրթական ցածր ցենզ ունեցող մարդիկ: Այս կատեգորիան բնակչության հարմարվող, հիմնականում աղքատ, օգնություններով ապրելուն վարժվածներն են։  Պարենային փոքրիկ տոպրակի կամ դրա դրամային համարժեքի դիմաց նրանք պատրաստ են քվեարկել հօգուտ ցանկացածի` ընտրությունների ժամանակ ապահովելով գրեթե 10 տոկոս ձայն:

8․ Դասալիքներ: Ըստ էության սրանք արժեհամակարգ չունեցող մարդիկ են, ովքեր ընտրությունների նախաշեմին իշխանությունների կողմից սովորաբար ներվում են: Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ այս կատեգորիան ընտանիքի անդամների հետ կարող է ապահովել մոտ 3 տոկոս ձայն։

9․ Քաղաքական հնարքներ:  Ընտրությունների նախաշեմին ստեղծվում են մանր կուսակցություններ, որոնք ձայներ փախցնելու իմաստով ազդում են ընտրական գործընթացների վրա: Հայաստանյան վերջին ընտրություններին մասնակցել է 22 կուսակցություն, 4 դաշինք, որոնցից անցողիկ շեմը չհաղթահարածներն ըստ էության փոշիացրել են ձայների մոտ 20 տոկոսը։

Թվարկված ինը կատեգորիաների արդյունավետ օգտագործումն ու նրանց համընդհանուր մոբիլիզացիան ընտրություններում իշխանություններին անվերապահորեն ապահովում է ընտրազանգվածի ձայների 50-ից ավելի տոկոս: Հատկանշական է, որ անգամ այսպիսի տոկոսով ընտրվելու դեպքում, որը թվացյալ դեմոկրատական ընտրությունների արտահայտություն է, իշխող քաղաքական ուժի ղեկավարն իրեն զգում է երկրի տիրակալ, ինչն ուղղակիորեն  վկայում է, որ մենք էապես հեռու ենք արևմտյան արժեքներից, ավելի շուտ արևելյան քաղաքական մշակույթի կրող ենք:

Այսպիսով կարող ենք փաստել, որ ընտրական գործընթացներով և կամ 40-50 տոկոսի աջակցությունն ունենալով`  ընդդիմությունը փողոցային պայքարով չի կարող հասնել  իշխանափոխության: Մեկնարկային այս դիրքերից փողոցային պայքար սկսելը բերելու է իշխանության հետ բախման, անիմատ արյուն թափելու, բռնաճնշումների։

Հեղափոխական ճանապարհով իշխանության գալը հնարավոր է բնակչության մոտ 70-80 տոկոսի աջակցությունն ունենալու դեպքում (այս թիվն իր մեջ ներառում է մարդկանց, ովքեր փողոց չեն դուրս գա, սակայն չեն հանդուրժում գործող իշխանությունը) կամ իշխանափոխության հանգեցնող որևէ այլ հայտնի եղանակով»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ