09 11 2021

ԱՀ Հին Թաղեր գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է․ ՔԿ

ԱՀ Հին Թաղեր գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ Ջ.Մ.-ն, զբաղեցնելով հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը և հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, 2020թ. նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր տեղամասի արևելյան սահմանի թվով 12 մարտական դիրքերի անվտանգությունը, սակայն 2020թ.  դեկտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է պաշտոնեական անփութություն, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերն անցել են թշնամու վերահսկողության տակ, վերջինիս ենթակայության ներքո գտնվող թիվ N մարտական դիրքում տեղակայված անձնակազմի զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ, որից ինը զինծառայողներ զոհվել են, երկուսը՝ գերեվարվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիշյալ հրամանատարին դեռևս 2021թ. ապրիլի 30-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը 2021թ. մայիսի 1-ի որոշմամբ մերժվել էր։

Քրեական գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը դատարանի կողմից բավարարվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. նոյեմբերի 8-ին բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Ջ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ