08 11 2021

Արմեն Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7,5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ․ «Հետք»

Արմեն Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7,5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ․ «Հետք»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9 տարի, այդ թվում՝ նախագահ եղած ժամանակ, տնօրենի պաշտոն է զբաղեցրել ֆրանսիական «VH Estate» ընկերությունում, որը 2010 թ. 7.510.000 եվրոյով 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Փարիզի հարուստ թաղամասերից մեկում՝ 8-րդ շրջանում, Ելիսեյան դաշտերի հարեւանությամբ, այս մասին գրում է «Հետք»-ը։

2010 թ. Արմեն Սարգսյանի քույրը՝ բժիշկ Կարինե Սարգսյանը, եւ վերջինիս դուստրը՝ Տաթեւիկ Սարգսյանը, Փարիզում «VH Estate» անունով ընկերություն են հիմնել: Սա իր տեսակով քաղաքացիական ընկերություն է՝ «société civile», ինչը նշանակում է, որ այն կոմերցիոն գործունեություն չի ծավալում: Ֆրանսիայում անշարժ գույք տիրապետելու եւ կառավարելու համար, որպես կանոն, կիրառվում են «société civile immobilière» տիպի ընկերություններ: Սարգսյանների «VH Estate»-ի գործունեության տեսակ է նշված Ֆրանսիայում եւ արտասահմանում անշարժ գույքի ձեռքբերումն ու կառավարումը, սպասարկումը, վարձակալության տրամադրումը («société civile» տիպի ընկերություններին թույլատրվում է գույքը վարձակալության հանձնել ու եկամուտ ստանալ):

Հիմնադրման ժամանակ 1000 եվրո կանոնադրական կապիտալով ընկերության 99 տոկոսը գրանցվել է Կարինե Սարգսյանի անունով, իսկ 1 տոկոսը՝ Տաթեւիկի: Ընկերության մասնակից չհանդիսացող տնօրենը (gérant non associé) 2010-2019 թթ., ըստ փաստաթղթերի, եղել է Արմեն Սարգսյանը, որը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 2018-ի ապրիլին: Ա. Սարգսյանը երկու որդի ունի՝ Վարդանն ու Հայկը, որոնց անվան սկզբնատառերը, ինչպես տեսնում ենք, համընկնում են ընկերության անվանը:

 

«VH Estate» ընկերությունը խոշոր վարկով գույք է գնել Փարիզում    

«VH Estate»-ը 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Փարիզում 2010 թ. ամռանը: Ընկերությունը ոմն Լուկասից ընդհանուր 7.510.000 եվրոյով գույքը գնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ շրջանում, որն աշխարհին առավել հայտնի է Ելիսեյան դաշտերով (Շանզ Էլիզե պողոտա): Սարգսյանների գույքը Փարիզի Հաղթական կամարից 500 մ հեռավորության վրա է՝ Օշ պողոտա 2 հասցեում:

Գործարքի շրջանակներում «VH Estate»-ը 7.510.000 եւ 240.000 եվրո չափերով երկու վարկ է վերցրել ֆրանսիական «Société Générale» բանկի ստորաբաժանման՝ «SG Private Banking»-ի Մոնակոյի մասնաճյուղից՝ գրավ դնելով ամբողջ գույքը: Վարկերը եղել են անտոկոս եւ դրանց մարման վերջնաժամկետ էր սահմանվել 2018-ի հունիսը: Սակայն, բացի վարկերից, «VH Estate»-ը պետք է յուրաքանչյուր վարկի 20 տոկոսի չափով ապահովագրության վճար մուծեր գրավադրված գույքի համար, այսինքն՝ 1.502.000 եւ 48.000 եվրո: 

2017-ի աշնանը տեղի է ունեցել սուբրոգացիա՝ «SG Private Banking (Monaco)»-ի փոխարեն ընդհանուր 7.750.000 եվրո վարկի կրեդիտոր է ձեւակերպվել շվեյցարական «Union Bancaire Privée» (UBP) բանկի Մոնակոյի մասնաճյուղը: Սարգսյանների ընկերության համար վարկային պարտավորության կատարման ժամկետ է նշվել 2023 թ. հոկտեմբերը: Վարկի տոկոսադրույքը սահմանվել է 1,3 տոկոս, իսկ գրավադրված գույքի ապահովագրության վճարը՝ 10 տոկոս՝ 775.000 եվրո:

Բացի գրավադրված 2 միավոր գույքից՝ 2017 թ. դեկտեմբերին Կարինե Սարգսյանը հօգուտ «UBP»-ի գրավադրել է «VH Estate»-ում իր ունեցած 99 % բաժնեմասը՝ որպես 7.750.000 եվրո ընդհանուր վարկի վճարման երաշխիք:

Նախագահ Սարգսյանին հարցրել էինք, թե արդյոք ընկերության անվան մեջ «VH»-ը նրա որդիների՝ Վարդանի ու Հայկի անունների սկզբնատառերն են, բացի դրանից՝ հետաքրքրվել էինք, թե ընկերությունն ինչ միջոցներով է մարում 7,75 մլն եվրոյի վարկը, եւ ով է օգտագործում Փարիզի անշարժ գույքը՝ նախագահն ու նրա ընտանիքի անդամնե՞րը, թե՞ գույքը վարձակալության է տրված: Նախագահի աշխատակազմից պատասխանել են, որ հարցերը վերաբերում են անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների, որոնք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով հրապարակման ենթակա չեն։

Նախագահը չի հայտարարագրել տնօրենի պաշտոնը ֆրանսիական ընկերությունում

2013-2018 թթ. Արմեն Սարգսյանը ՀՀ դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով՝ դիվանագետն իրավունք չունի կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Եթե հավատանք Սարգսյանի հայտարարագրերին, նա նման աշխատանք չի էլ կատարել, այլ կերպ ասած՝ «VH Estate»-ից վարձատրություն չի ստացել:

2013-2018 թթ. դեսպան աշխատելիս Արմեն Սարգսյանը չի հայտարարագրել որեւէ եկամուտ, այսինքն՝ որեւէ տեղից, այդ թվում՝ դեսպանությունից, աշխատավարձ չի ստացել, բայց 2013-ին, երբ դեսպան է նշանակվել, ունեցել է 8 մլն եվրո, որը 2018-ի հունվարին՝ նախագահ դառնալուց 3 ամիս առաջ, երբ դեռ դեսպան էր, նվազել էր մինչեւ 5,5 մլն եվրո: Այն, որ նախկին դեսպանն ու ներկա նախագահը գործարար է եւ մեծ կարողության տեր, «Հետքը» գրել էր 2018-ին: 

Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սարգսյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկրի ղեկավարի աշխատավարձն ու երկու բանկում ունեցած ավանդներից ստացած տոկոսները: Այսինքն՝ «VH Estate»-ից կրկին որեւէ գումար չի ստացել:

ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է․ «Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք»:

Մեր հարցմանն ի պատասխան՝ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ «VH Estate»-ը չի զբաղվել եւ չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ Արմեն Սարգսյանը երբեք չի վարձատրվել որպես «VH Estate»-ի տնօրեն:

Բայց նույնիսկ եթե դեսպան ու նախագահ եղած ժամանակ Արմեն Սարգսյանը ֆրանսիական «VH Estate»-ի համար վճարովի աշխատանք չի կատարել ու չի վարձատրվել, փաստ է, որ 2010-2019 թթ. նա այնտեղ տնօրենի պաշտոն է զբաղեցրել:

Նախագահի աշխատակազմից մեզ հայտնել են, որ դա Սահմանադրության խախտում չէ. «Սահմանադրության 124-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավական սահմանափակումը վերաբերում է բացառապես վճարովի հիմունքներով իրականացվող աշխատանքին: Սա նշանակում է, որ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը կարող է հասարակական հիմունքներով ունենալ տարբեր կարգավիճակներ տարբեր կազմակերպություններում»: Այսինքն՝ ըստ նախագահի աշխատակազմի՝ որեւէ կազմակերպությունում անվարձահատույց տնօրեն աշխատելը երկրի նախագահի կողմից Սահմանադրության խախտում չէ: 

Իր հերթին իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, մեկնաբանելով Սահմանադրության՝ նախագահին վերաբերող վերոնշյալ սահմանափակումը, նկատում է․ «Հարկ է ընդգծել, որ «պաշտոն» եզրույթը տվյալ դեպքում ունի ոչ թե ընդհանրական, այլ կոնկրետ բովանդակություն, մասնավորապես՝ այն բացառապես վերաբերում է հանրային իշխանության համակարգում որեւէ պաշտոնի: Օրինակ՝ Հանրապետության նախագահը չի կարող ընտրվել կամ նշանակվել հանրային իշխանությամբ օժտված որեւէ՝ անգամ խորհրդատվական գործառույթներ իրականացնող մարմնի կազմում․․․ Այն, որ «պաշտոն» եզրույթը չի կարող վերաբերել ոչ պետական կազմակերպություններին, այդ թվում՝ ընկերություններին, հիմնավորվում է նաեւ այն փաստարկով, որ Սահմանադրության 124-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, ինչպես նաեւ վճարովի այլ աշխատանք կատարելը նախատեսված է որպես համընդհանուր վարքագծի կանոն, այսինքն՝ որեւէ նշանակություն չի տրվում, թե ինչ կարգավիճակով է իրականացվում ձեռնարկատիրական գործունեությունը՝ որեւէ պաշտոն զբաղեցնելու եղանակով, թե առանց որեւէ լոկալ վարչարարական լիազորությունների»: Այսպիսով, ըստ Դանիելյանի՝ Արմեն Սարգսյանը չի խախտել Սահմանադրությունը։

Այդուհանդերձ, նախագահ Սարգսյանը չի հայտարարագրել «VH Estate»-ում տնօրենի իր պաշտոնը, ինչը պարտավոր էր անել, քանի որ հայտարարագիր ներկայացնող անձինք 2019-ից սկսած լրացնում են նաեւ շահերի հայտարարագիր, որտեղ, մասնավորապես, նշում են, թե առեւտրային ու ոչ առեւտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ինչ կարգավիճակ ունեն։

Քանի որ այս պահանջը գործում է 2019-ից, իսկ Ա․ Սարգսյանը, ըստ «VH Estate»-ի փաստաթղթերի, տնօրեն է եղել մինչեւ 2019 թ․ փետրվար, ապա նա պարտավոր էր 2019-ի տարեկան հայտարարագրում ներկայացնել, որ տարվա ընթացքում տնօրեն է եղել ֆրանսիական ընկերությունում, ինչը չի արել (տես նկարում)։

Փոխարենը 2019 եւ 2020 թթ. տարեկան հայտարարագրերում Արմեն Սարգսյանը միայն նշել է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ է «Հայաստան» համահայկական հիմնադրամում (ի պաշտոնե), «Երեւան իմ սեր» հիմնադրամում, ինչպես նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամ Հայկական բարեգործական ընդհանուր հիմնադրամում (ՀԲԸՄ) եւ «Մանուկյան» բարեգործական հիմնադրամում։ «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, համանախագահները եւ մյուս անդամները չեն համարվում հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ եւ իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ այստեղ Սահմանադրության խախտում չկա:

Քրեական օրենսգիրքը պատիժ է սահմանում այն դեպքում, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը հայտարարագրում կեղծ տվյալ է ներկայացնում կամ թաքցնում է հայտարարագրման ենթակա տվյալը: Պատիժը կարող է լինել 2-3 մլն դրամ տուգանք կամ ազատազրկում առավելագույնը 2 տարով, որի դեպքում անձը նույնիսկ կարող է առավելագույնը 3 տարի ժամկետով զրկվել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հետք»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ