Շուրջ երկու տարի շարունակվող, բազմաթիվ ստուգումները ամենատարբեր ճնշումներով, այսօր հանգեցրեցին «ԱԺԴԱՆԱԿ» ՍՊ ընկերության գործունեության դադարեցմանը եւ այսօրվանից ընկերությունից սնվող 1500 մարդ կմնա առանց կայուն եկամուտի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հայտարարություն է տարածել ընկերությունը։
«Առավոտյան Կապանի ոստիկանության բաժնի աշխատակիցները ժամանեցին ընկերություն եւ ներկայացրեցին քննիչի պահանջ, որով ընկերության ամբողջ շահագործվող տեխնիկական միջոցները պետք է տեղափոխվեն Կապանի ոստիկանության տարածք փորձաքննության։
Խնդիրը զարգացել է մոտ երկու ամիս առաջ, երբ ընկերության երկու բեռնատար ավտոմեքենաներ անօրինական կերպով տեղափոխվեցին Կապանի ոստիկանության տարածք փորձաքննության եւ արդեն երկու ամիս է այդ ամենի արդյունքում ընկերությանը հասցվել է էական նշանակության ամենատարբեր վնասներ։
Այսքանից հետո, Կապանի ոստիկանության աշխատակիցները, ՔԿ Կապանի բաժնի քննիչի որոշումով` այսօր առավոտյան ժամանել են ընկերություն եւ պահանջել, որպեսզի ընկերության ողջ շահագործվող տեխնիկական միջոցները նույնպես պետք է տեղափոխվեն Կապանի ոստիկանության տարածք` փորձաքննության, ինչը անօրինական է, անտրամաբանական եւ անընդունելի ։
Այս ամենի արդյունքում ընկերությունը ստիպված է դադարեցնել իր գործունեությունը։
Եթե այս անօրինական գործողություններին վերջ չդրվի, ապա ընկերության ողջ աշխատակազմը` միահամուռ եւ կազմ ու պատրաստ վաղվանից դիմելու է բողոքի եւ անհնազանդության ամենատարբեր միջոցների` ընդհուպ ճանապարհների շրջափակմամբ»,- նշվում է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը