Քաղաքացին խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան աջակցությունը որդու նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, պահեստազորում հաշվառվելու, զինգրքույկ և անձնագիր ստանալու հարցերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:
Դիմումատուն տեղեկացրել է, որ իր որդին մշտապես բնակվել է արտերկրում 2007 թ․ վերադարձել է Հայաստան և վերցվել զինվորական հաշվառման: 2008 թ․ որդին ձեռք է բերել առողջական լուրջ խնդիրներ և արտերկրում ստանում է բուժում:
Քաղաքացին հայտնել է, որ որդուն արտասահմանյան կոնկրետ երկրում ժամանակավոր բնակության իրավունք տվող քարտի ժամկետը շուտով լրանում է, որի հետևանքով նա չի կարող բնակվել այնտեղ և բուժում ստանալ: Նշված քարտի ժամկետը երկարացնելու համար որդին պետք է ունենա ՀՀ քաղաքացու վավեր անձնագիր, որի ժամկետը լրացել է: Անձնագրի ժամկետը երկարացնելու նպատակով նա դիմել է այդ երկրում ՀՀ դեսպանություն, սակայն զինվորական գրքույկ չունենալու պատճառաբանությամբ մերժում է ստացել:
Քաղաքացին այդ հարցով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից պահանջել են ներկայացնել որդուն առողջական վիճակի պատճառով Հայաստան տեղափոխելը հակացուցված լինելու վերաբերյալ փաստաթուղթ: Նշված փաստաթուղթը ներկայացրել է նախարարություն: Այնուհետև, ստացել է պատասխան, որ որդու 27 տարին լրացել է, նա չի կարող Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից փորձաքննվել, հաշվառվել պահեստազորում և ստանալ զինգրքույկ: Ավելին, նշվել է, որ հերթական զորակոչից որդու խուսափելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ նրա որդուն այլ երկիր տեղափոխելը կարող է խիստ վատթարացնել առողջական վիճակը:
Բողոքի քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմից Դատախազությանն առաջարկվել է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացու առողջական վիճակի փորձաքննությունն իրականացնել հեռավար՝ առանց նրա ֆիզիկական ներկայության: Արդյունքում, նշանակվել և իրականացվել է անհրաժեշտ փորձաքննությունը: Այդ ընթացքում, Պաշտպանի աշխատակազմը պարբերաբար քննարկումներ է ունեցել Զինվորական դատախազության, Զինվորական քննչական գլխավոր վարչության, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի, ինչպես նաև Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի հետ:
Ձեռնարկված միջոցների և պետական իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում՝ քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, նա սահմանված կարգով հաշվառվել է պահեստազորում, և վերացվել են զինգրքույկ ու անձնագիր ստանալու խոչընդոտները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը