Ղարաբաղի վերաբերյալ անցած տարվա եռակողմ պայմանավորվածության գլխավոր արդյունքը կայունությունն է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի եւ Երեւանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի շրջան աշխատանքային ուղեւորությունների վերսկսումը։
«2020 թվականի նոյեմբերի 9-ից անցած գրեթե մեկ տարվա հիմնական արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, պահպանվել, ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ մենք այժմ որեւէ բռնի գործողություն չենք տեսնում: Մանր միջադեպերը, որոնք կային սկզբնական փուլում, արագ լուծվում էին: Եվս մեկ անգամ շեշտեմ՝ այժմ այնտեղ իրավիճակը կայուն է՝ չնայած, իհարկե, խնդիրները շատ են»,- ասել է Լավրովը:
«Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպեցին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ: Որքանով հասկանում եմ, նրանք համաձայնեցին վերսկսել իրենց այցերը տարածաշրջան՝ այցելելու Լեռնային Ղարաբաղ եւ տեղում զրուցելու Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, այդ թվում հանդիպումներ են նախատեսված Ստեփանակերտում»,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը