ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Ոստիկանության պետը խիստ մտահոգություն է հայտնել՝ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։ Ներկայացվել է վիճակագրություն, քննարկվել է իրավիճակը, ներկայացվել են առաջարկություններ՝ խնդրի լուծման ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վահե Ղազարյանը հանձնարարել է խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այդ ուղղությամբ միջազգային փորձը, հանրապետության ճանապարհների վիճակը, տրանսպորտային միջոցների տեխզննման, ճանապարհային նշանների հագեցվածության և այլ հարցեր։
Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը