ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում գտնվող ԱՀ քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի, տեղահանված անձանց կարգավիճակի, ԱՀ և ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերով սահմանված աջակցությունների, ինչպես նաև այլ իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել Արցախի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և դրանք միջազգային հարթակներում բարձրաձայնելու հետագա նախաձեռնությունների շուրջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը