03 09 2021

Գերիները կներե՞ն Փաշինյանին. երկու ամիսն արդեն անցավ

Գերիները կներե՞ն Փաշինյանին. երկու ամիսն արդեն անցավ

Կառավարությունը շարունակում է գերիների վերադարձի համար աշխատանքներ տանել. սա կառավարության պատասխանն է մեր հարցերին, թե ընտրություններից հետո ինչ քայլեր են արվում գերիների վերադարձի համար: Սա կառավարության մշտական պատասխանն է, որին հաջորդում է ըստ էության՝ ոչինչ չանելը, որովհետև փաստացի այսօր մենք Ադրբեջանում դեռ բազմաթիվ գերներ ունենք:

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին՝ հունիսի 7-ին, Արմավիրի մարզի Արմավիր գյուղ նախընտրական այցի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը սրտաճմլիկ բառերով ժողովրդից ներողություն էր խնդրում, որ չեն կարողացել լուծել գերիների հարցը:

«Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, և նրանք մեզ կներեն մեկ-երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար»,- ասում էր Փաշինյանը և վստահ ընդգծում, որ գերիները միայն չեն ների, եթե այս վերընտրված իշխանությունը զիջի մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը:

Հիմա Փաշինյանի ասած մեկ-երկու ամիսն անցել է ու դեռ ավելին, բայց մինչև հիմա ՀՀ կառավարության ջանքերով մենք նույնիսկ մեկ գերու վերադարձ չունենք: Ընտրություններից հետո միայն մեկ անգամ է գերիների վերադարձ եղել, այն էլ Վրաստանի կառավարության ջանքերով:

Ստացվում է, որ Փաշինյանը ոչ միայն չի կարողանում մեր գերիներին վերադարձնել, այլ նաև չի կարողանում պահել մեր անկախությունն ու ինքնիշխանությունը: Արդեն մոտավորապես չորս ամիս է ադրբեջանական զինված ուժերը հայկական տարածքում են, նոր գերիներ են վերցնում հենց Հայաստանի սուվերեն տարածքից, բայց դրա համար մեր կողմից պաշտոնական որևէ հստակ ու խելամիտ պատասխան չի լինում, որով կբացատրեն, թե ինչո՞ւ են ադրբեջանցիները օրվա ցանկացած ժամի շատ հանգիստ ու անխռով կերպով խախտում մեր սահմանը, գերի վերցնում, ինչպես են կարողանում Սյունիքում ճանապարհ փակել, գյուղացիներին իրենց տներից հանել ու դրա համար որևէ պատասխանատվության չենթարկվել: 

Ի վերջո, կարելի է արձանագրել, որ գերիների վերադարձի հարցում ՀՀ կառավարությունը ոչ թե շարունակական աշխատանք է տանում, այլ ձեռքերը լվացել, մի կողմ է քաշվել, ավելին՝ լուռ ու անտրտունջ համաձայնում է բոլոր այն պահանջներին, որոնք առաջ է բերում Ադրբեջանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ