Էդուարդ Սարիբեկյանը գրում է.
Հայ–ադրբեջանական սահմանին, ցավոք, հերթական զոհն ունեցանք։ Ուշադրություն դարձրեք, սա նախիջևանյան հատվածում է եղել, որտեղ նույնիսկ ապրիլյան և 44–օրյա պատերազմների ընթացքում ոչ մի կրակոց չի հնչել։ Թե ինչու է արդեն որերորդ անգամ սահմանի այս հատվածում զոհ գրանցվում, դժվար չէ կռահել։ Հայաստանի իշխանությունները որդեգրել են, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջան» խաղալու ուղեգիծ, որը ոչ միայն չի բերել բաղձալի խաղաղության, այլև պարբերաբար մեր զինվորների կյանքերն է տանում։ ՀՀ պաշտպանության նախարարը վերջերս հոխորտում էր, որ համարժեք պատասխան է լինելու մեր սահմանների նկատմամբ ոտնձգություններին, իսկ երկրի վարչապետը, երբ «բանավոր ըմռնումներ» էր ունենում Իլհամ Ալիևի հետ, հայտարարեց, որ հայկական զինուժի դուրսբերումը Քաշաթաղից և Հայաստանին սահմանակից այլ տարածքներից ունի բացառապես անվտանգային նշանակություն։ Ինչպես անցած ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, մեր անվտանգությունն ընկել է այն աստիճան, որ ադրբեջանցի զինվորականները մշտական տեղակայում ունեն Հայաստանի ինքնիշխան տարածքում և դեռ ավելի մեծ հավակնություններ ունեն։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը դեռևս չի օգտագործել «Քյարքի» կամ «Արազդայան» տոպոնիմները, բայց Նախիջևանի հետ սահմանակից հատվածում մեր տարածքների պարբերաբար գնդակոծությունները և հայ զինվորների զոհվելը գուժում են, որ հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը «խաղաղության դարաշրջանի» կարգախոսի տակ նույնպիսի բանավոր ըմբռնում կարտահայտի Տիգրանաշենի վերաբերյալ։ Չի բացառվում, որ կգտնվի հերթական ղալումյանը, որն այս անգամ խոսի արդեն Արարատի մարցի «ադրբեջանապատկան» գյուղերի ու տարածքների մասին, թեև Ալիևը այդպիսի հայտարարությունների չի էլ սպասում։ Նրան բավարարում է նույնիկ հայկական կողմի համառ լռությունը։ Վերափոխելով հռչակավոր սպորտային մեկնաբան Օզերովի խոսքերը՝ ինքներս մեզ հարց տանք․ «մեզ այսպիսի խաղաղության դարաշրջան պե՞տք էր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը