«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ամիսներ առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական աննախադեպության մասին ավետեց։ Ըստ նրա՝ Սևանա լճի բարձրությունն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին գրանցելու էր պատմական ռեկորդ։ Սակայն, ինչպես միշտ, հերթական այս աննախադեպությունն էլ հերթական ոչ աննախադեպ ստախոսությունն էր։ Թեև Արփա-Սեւան թունելով տարեսկզբից ջրի հավելյալ մուտք է ապահովվել, լճի մակարդակն օգոստոսի 13-ի դրությամբ 1900,68 մ է, որը ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1900,73 մ նիշից:
Այս իշխանությունն իշխանության եկավ Սևանա լճից ջրառի արգելման խոստմամբ։ Նույնիսկ օրենք ընդունեց, որը պետք է երաշխավորեր ջրառի բացառումը։ Հիշում եմ, այդ օրերին սևանցի մի պատգամավոր կար, ով ԱԺ ամբիոնից մեծ ոգևորությամբ հայտնում էր, թե վերջ, այսպիսով Սևանա լիճը փրկված է։
Պարզվեց ի՞նչ. հերթական դեմագոգիան՝ պոպուլիզմական ոճաբանությամբ։
Ի դեպ, ես ամենևին դեմ չեմ Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելուն։ Բայց ես դեմ չէի նաև նախկինում, երբ ներկայիս իշխանությունն ընդդիմության աթոռներից կուրծք էր ծեծում, թե չի կարելի ջուր բաց թողնել։
Քաղաքականությունում հաջողությունն իսկապես պոպուլիզմի վրա է հենված, բայց արդյո՞ք մեկ կոպեկի արժեք ունի այդպիսի քաղաքականությամբ իշխանություն ստանալը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը