hraparak.am-ը գրում է․
Հայաստանում ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) սկզբունքով պաշտոնների նշանակելու ավանդույթը նախկինների օրոք գնալով թուլանում էր: Նախկինները հասկանում էին, որ 21-րդ դարում ԽԾԲ-ով երկիր կառավարել հնարավոր չէ: Եթե, իհարկե, մենք չենք ցանկանում հետ մնալ մեր հարևաններից՝ ունենալով Ղարաբաղի խնդիր և երկու կողմից շրջապատված լինելով թշնամիներով: 2018-ի իշխանափոխությունից հետո կարծում էինք, որ այլևս չենք առնչվելու այդ երևույթին: Բայց պարզվեց, որ սխալվել էինք: Սխալվել էինք ինչպես բազմաթիվ, այնպես էլ կոնկրետ այդ հարցում:
Հեղափոխական էյֆորիայից հետո իշխանությունը կադրերի բացակայության խնդիրը լուծելու այլ տարբերակ չգտավ, քան ԽԾԲ-ական մեխանիզմ գործադրելը: Խնդրեմ դրա վերջին դրսևորումը՝ Ազգային ժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվում կահույքի ոլորտի գործարարը (տնօրենը): Չեմ պատկերացնում, թե ինչ հանճարեղ անձնավորություն պետք է լինի կահույքագործը, որ նշանակվի նման մի պաշտոնում: Եվ եթե նա իսկապես այդպիսին է, ապա հենց մեր՝ հասարակության մեղքն է, որ այդպիսի մեկը մինչև այսօր անհայտ է մնացել և չի զբաղեցրել իր արժանի տեղը: Անցնենք առաջ: ԽԾԲ-ական երևույթի հետ սերտ առնչություն ունի մեկ այլ երևույթ՝ պաշտոնեական կեղծիքը: Նախկինների նախկիններից մեզ ժառանգված կեղծիքն այն երևույթներից էր, ինչը, իմ ու ինձ նմանների կարծիքով, պետք է վերանար 2018-ի իշխանափոխությունից հետո՝ եթե ոչ անմիջապես, ապա գոնե աստիճանաբար: Եվ եթե նախկինների օրոք կեղծիքն ընկալելի, թեև ընդունելի չէր, ապա այսպես կոչված ժողովրդի իշխանության պայմաններում կեղծիքի գոյությունը բացարձակ հասկանալի չէ: Ուրիշ հարց, որ հեղափոխություն կոչված երևույթը սկիզբ առավ հենց կեղծիքով՝ արագաչափերը հանելու խոստումով, կախարդական փայտիկի առկայության հավաստմամբ, Արցախի հերոս Աբաջյանի կեղծ պապի ելույթով և այլն, և այլն... Եվ բացի դրանից, Հայաստանում տիրում է ոչ թե ժողովրդի, այլ դրա անվան տակ ծլած ու ծաղկած մեկ անձի բռնատիրական իշխանություն: Ինչևէ, ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի դեպքի և պաշտոնեական կեղծիքի (տվյալ դեպքում՝ երկերեսանիության) առնչությունը դրևորվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանի խոսքում:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական Գեղամ Մանուկյանի՝ կահույքագործի նշանակման վերաբերյալ հարցին վերջինս պատասխանել է. «Շատ կարևոր է պրոֆեսիոնալիզմը ցանկացած ոլորտում»: ՔՊԿ-ական ազգընտիրի պատասխանից հասարակությունն իմացավ, որ, առաջին, կահույքագործ տնօրենը պրոֆեսիոնալ է, և երկրորդ՝ վերջինս օժտված է նույն մակարդակի պրոֆեսիոնալիզմով, որով պետք է օժտված լինի ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարը: Այսինքն՝ օժտված է օրենքների, արարողակարգային խնդիրների, պատգամավորների հետ շփվելու վարքագծի և այլբաների իմացությամբ և կարողությամբ: Երևի հենց նման դեպքերի առնչությամբ է մեր ժողովուրդն ասել՝ Աստված էլ բեթարից ազատի...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը