29 07 2021

Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից. Արման Թաթոյան

Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից. Արման Թաթոյան

Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանտու են ադրբեջանական իշխանությունները:Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունում:

«Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից: 

Օրինակ` Կութ գյուղում ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են առնվազն արոտսվայր 500 հա, խոտհարք 500 հա, վարելահող 20 հա տարածքի վրա: Նորաբակ գյուղում նրանք ներկա են առնվազն արոտավայր 1,000 հա, խոտհարք 200 հա, վարելահող 25 հա տարածքի վրա:

Ավելին, այս տարածքների անմիջապես դիմաց գտնվող հողերը նույնպես չի լինում օգտագործել, քանի որ ադրբեջանական նշանառության տակ են ու մարդկանց մոտենալու դեպքում ադրբեջանական զինծառայողները կրակում են:

Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից: Հարցն այն է, որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են ջրային ավազանների և գետակներ տարածքներում, որոնցից ձևավորվում է խմելու և ոռոգման ջուրը:

Կութ գյուղում հունիսի 5-ին տեղի է ունեցել բնակիչների 80 խոշոր եղջերավոր կենդանիների գողությունը, որոնք այդպես էլ մարդկանց չեն վերադարձվել, ինչպես նաև սպանել էին 4-ին: Խոսքը 5 ընտանիքի պատկանող կենդանիների մասին է:

Կրակոցների պատճառով պարբերաբար խախտում են Սոթքի հանքավայրի աշխատողների իրավունքները, վնաս է պատճառվում ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը:

Այս ամենը նշանակում է, որ անվտանգությունից բացի, մարդկանց համար ստեղծվել են լրջագույն սոցիալական խնդիրներ:

Բոլոր տեղերում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց խաղաղ ու բնականոն կյանք :

Ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը:

Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանտու են ադրբեջանական իշխանությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի այցը տեղի է ունեցել Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի, Կութ և Նորաբակ վարչական շրջանների ղեկավարների, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու ներկայացուցչի հետ միասին:

Այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ