NEWS.am-ը գրում է․
«Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում մոտ 4 ժամ ծանր զինատեսակներից կրակոցներ են հնչել։ Այս մասին NEWS.am-ի զրույցում ասաց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։
«Զինատեսակները հստակ չեմ տարբերում, բայց ավտոմատի կրակոցներ չէին, ուրիշ զենքեր էին, ծանր զենքեր էին։ 21։30-ից մինչև 00։30 տևեց կրակոցները։ Ինտենսիվ կրակոցներ էին»,- ասաց գյուղապետը։
Նա ասաց, որ հայկական կողմից պատասխան նույնպես եղել է. «Մութ էր, բայց տեսնում էինք, որ մերոնք էլ պատասխանում էին։ Բայց չեմ կարող ասել՝ օդ էին կրակում, թե դիրքից դիրք։ Ամեն դեպքում բոլոր դիրքերից էլ կրակոցներ հնչել են»։
Նշենք, որ մի քանի օր է՝ լարված իրավիճակ է նաև հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը