17 07 2021

Փորձություն և պայքար. «Հրապարակ»

Փորձություն և պայքար.  «Հրապարակ»

hraparak.am-ը գրում է.

Իհարկե, լավ է, երբ մարդն առողջ է, անփորձանք, հաջողակ, բայց պետք է միշտ հիշել, որ բանտը, հիվանդությունն ու փորձանքն էլ մարդու համար են։ Պարզապես այդ փորձություններից ամեն մեկին չի հաջողվում անվնաս դուրս գալ եւ մարդ մնալ։ Ոմանք կոտրվում են, ոչնչանում, ստորություններ անում, վախից գնում անթույլատրելի արարքների, կորցնում ապրելու կամքը։ Իսկ ոմանք ուժեղացած, երկրորդ շնչառություն ստացած են դուրս գալիս։ Կկարողանա՞ արդյոք հայ ժողովուրդը 2020-ի սոսկալի պատերազմից, կորուստներից, հոգեկան ու ֆիզիկական ցավից ազատագրվել, հաղթահարել պարտության նվաստացումն ու վերագտնել ապրելու, արարելու կամքը, հայտնի չէ։ Կկարողանա՞ն արդյոք սյունյաց տղամարդիկ, որոնք չեն նահանջել թշնամու առաջ, չեն վախեցել հակառակորդի գնդակից, նենգ իշխանությունների եւ ստորաքարշ իրավապահների հետ անհավասար պայքարում հաղթանակած դուրս գալ, մարդ մնալ ու չկոտրվել։ Ի վերջո, նման փորձությունների մարդիկ ենթարկվել են բոլոր ժամանակներում։

 

Շատ ավելի ծանր զրկանքներ են կրել, ավելի դաժան ռեժիմների ու անհաղթահարելի արգելքների դեմ են պայքարել։ Երբեմն հաղթել են, ու շահել են մարդկությունը, առաջադիմությունը, դեմոկրատիան։ Իսկ երբեմն զոհվել են, կյանքն ավարտել զնդաններում ու աքսորում, կոտրվել ու անհետացել են ասպարեզից։ Մեր ազգը թեեւ ամեն զրկանքի դիմացող է, ամեն ինչի հետ հաշտվող ու հարմարվող, սակայն երկարատեւ պայքարի, որպես կանոն, ունակ չէ։ Մեզանում նաեւ անհատ-հերոսների պակաս է եղել մշտապես։ Մարդիկ, որոնք իրենց վրա կվերցնեն լուսավորչի, առաջամարտիկի, սեփական անձով ճանապարհ հարթողի առաքելությունը եւ իրենց ետեւից կտանեն հասարակությանը։ 2018-ին ունեինք առաջնորդ, որի հետեւից գնացինք, հիմա եկել է նոր առաջնորդի եւ նոր պայքարի ժամանակը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ