Քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ։ ՄԱՍ 2։
Սկիզբը՝ նախորդ գրառումով։
Եվ այսպես, 2018 թվականին, դեպրեսիայի մեջ գտնվող ժողովուրդը ունեցավ տևական պայծառացում և բնական էր, որ տարիներ տևած դեպրեսիվ տրամադրությունից հետո, այդ ժողովուրդը պետք է կտրուկ անցում կատարեր դեպի մոլուցքային փուլ։ Ջարդել, կոտրել, մերժել, արգելել, թույլ չտալ, որ շտապ օգնության մեքենաները հասնեն հիվանդներին... Եվ այս ամենը անել մի հավատքով, թե բան ենք փոխում, որը կհանի մեզ դեպրեսիայից ու կբերի ադեկվատ ու հետաքրքիր կյանքի։ Սպասումներ, որոնք մեղմ ասած չարդարացվեցին... Հույսեր, որոնք ստիպողաբար մարվեցին... Հավատ, որը փաստացի բերեց կրախի... Եվ իհարկե սեփական ինքնագնահատական, որը ստորացվեց որքան հնարավոր է։
Ամեն դեպքում 2019 թվականին արդեն սկսեցին նշմարվել դեպրեսիայի երկրորդ ալիքի նշանները։ Հեղաշրջման մասնակիցները սկսեցին հստակ հասկանալ, որ գտնվում են կոտրված տաշտակի առջև և ուղղակի սկսեցին լռել։ Բայց 2018-ի հեղաշրջումից անմիջապես հետո, Փաշինյանը հանրությանը թելադրեց մի շատ վտանգավոր խաղի կանոն, որը այն մարդկանց, ովքեր իրականում, իրենց անձնական կյանքում հասել են լճացման, տա հետաքրքրություն։ Նա բաժանեց հանրությունը դասակարգերի, սակայն զգուշություն ցուցաբերելով այն ուղղակի անվանեց՝ «սևեր և սպիտակներ»։ Եվ այսպես, անձնական անհաջողություններ ունեցող և սահմանափակ երազանքներով մի ստվար զանգված սկսեց զբաղվել սևեր փնտրելով և նրանց վնասելով։ Ինչի՞ համար՝ անհասկանալի է և ամենակարևորը՝ նույնիսկ իրենք՝ փնտրողները դա չեն հասկանում։ Եթե հիշեք, 2018 թվականի ընտրություններին Նիկոլ Փաշինյանի կարգախոսն էր՝ «ԵՐՋԱՆԻԿ անհատ, ՀՈԳԱՏԱՐ հանրություն, հզոր պետություն»։ Այստեղ բանալի բառերն էին «երջանիկ» և «հոգատար» և «հզոր» ածականները։ Դեպրեսիայի մեջ գտնվող անձին չի հերիքում երջանկությունը, նա միշտ ունի հոգատարության պահանջ իսկ դե հզորության մասին, դեպրեսիայի մեջ գտնվող անձը մշտապես է երազում։ Հենց սա էլ եղավ պատճառ, որ միջինով, 1201105 ընտրողներց՝ 884849-ը իր ձայնը տվեց մի մարդու, ով գալիս էր կործանելու երկիրը, բայց «բերանից մեղր էր թափում», ստելով ու շողոքորթելով։ Այս պահին չեմ ուզում անդրադառնալ մնացած Հայաստանի քաղաքացիների 51,27%-ին, ովքեր չմասնակցեցին ընտրություններին։ Ժողովրդի այս զանգվածին էլ միատարր համարել չի կարելի և սրանք բոլորը այն նույն մարդիկ չեն, ովքեր 2021-ի ընտրություններին չեն մասնակցել։ Այստեղ նույնպես կարելի է որոշակի շերտավորումներ տալ... Բայց այսօր դրա մասին չեմ ուզում խոսել, այլ այն բանի, որ 884849 մարդ այդ պահին գտնվում էր «Հայկական Մեծ Դեպրեսիայի» այն փուլում, որ պատրաստ էր իր ձայնը տալ սատանային, միայն թե դուրս գա այդ վիճակից։ Եթե Ձեզանից մեկը, իր կյանքում երբևե ունեցել է խոր դեպրեսիվ էպիզոդ, անպայման կհասկանա թե ինչ եմ ասում։ Տրամաբանության բացակայություն... Փաստերի անտեսում... Անելանելիության սուր զգացում... Եվ... փրկչի անհրաժեշտություն։
Շարունակությունը՝ հաջորդ գրառումով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը