Արագածոտնի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Գևորգյանը երեկ՝ հունիսի 22-ին, սկզբում աշխատակազմի գլխավոր քարտուղարի միջոցով, ապա անձամբ հրավիրել է իր մոտ մարզպետարանի առողջապահության բաժնի պետ, դաշնակցական Մերի Շահազիզյանին և պահանջել դիմում գրել և հեռանալ, հաղորդում է «Հրապարակը»;
«Երեկ մարզպետի կողմից գլխավոր քարտուղարի միջոցով բանավոր զգուշացում է եղել, որ պարտադիր ես պետք է դուրս գամ աշխատանքից։ Այսօր էլ մարզպետն ինքն է կանչել իր կաբինետ, փոխմարզպետի հետ նստած, ես մտել եմ, ինձ ասել է՝ Ձեզ 15 րոպե ժամանակ եմ տալիս, որ դիմում գրեք գնաք։ Ասացի՝ ես դիմում չեմ գրելու։ Ինձ ասում էր՝ Դուք ստոր եք, Դուք լկտի եք, Դուք ստախոս եք, Դուք մեկուկես տարի ա՝ նստած եք էստեղ թոշակառուի կարգավիճակով և այլն, և այլն, ասացի՝ չգոռաք ինձ վրա, ինքն էլ՝ ինձ հետ զուգահեռ մի խոսեք, իրավապահ մարմիններին եք պատասխան տալու Ձեր ասածների համար և այլն, բայց չեմ իմանում՝ ինչ եմ արել, որ պիտի իրավապահներին պատասխան տամ։
Ասացի՝ լավ, բարի, դուրս գալուց դուռը մի փոքր ուժեղ փակեցի, շրխկաց, մարզպետը հետևիցս դուրս եկավ, ձայնը բարձրացրեց՝ երկրորդ անգամ դուռը էս ձևով չշրխկացնեք, թե չէ կմնաք էստեղ՝ չեք կարող դուրս գալ»,- կայքին պատմել է Մերի Շահազիզյանը։
Նա նաև հայտնել է, որ Դավիթ Գևորգյանը մեկ տարուց ավելի է՝ ընկած է իր հետևից, բայց չի կարողացել ազատել, հիմա, ընտրություններից հետո, որոշել է ամեն գնով ազատվել իրենից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը