13 06 2021

Երևանում և խոշոր քաղաքներում պետք է պահպանենք և զարգացնենք պոլիկլինիկաները. մասնագետներ

Երևանում և խոշոր քաղաքներում պետք է պահպանենք և զարգացնենք պոլիկլինիկաները. մասնագետներ

Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են առողջության առաջնային պահպանմանը.

 

«Առողջապահությունը սկսվում  է արտահիվանդանոցային պայմաններում բուժօգնության կազմակերպումից, ներկա տերմինաբանությամբ՝ առողջության առաջնային պահպանման օղակից: Ուզում ես ունենալ առողջ ժողովուրդ, պետք է ունենաս զարգացած, զինված, կանոնակարգված  ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգ: Աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստանը, առաջնային օղակի հիմքում տեսնում են ընտանեկան բժշկին: Ավելի ճիշտ, աշխարհի շատ երկրներ տեսան, մենք այդպես էլ` ո’չ:

Սկզբում ընտանեկան բժիշկները գիտեին ամեն ինչից քիչ-քիչ, բայց այնքան, որ բավարար էր իրենց վստահած մարդկանց առօրյա առողջական խնդիրները լուծելու համար: Անցան տարիներ, և զարգացած Արևմուտքի շատ երկրներում ընտանեկան բժիշկը հասկացավ , որ մենակ դժվար է: Սկսեցին միավորվել մի քանի բժիշկներով և ստեղծեցին գրասենյակներ, որտեղ միասին աշխատում էին, օգնում իրար, կարիքի դեպքում` փոխարինում միմյանց: Բուժում էին այն ծավալով, որին տիրապետում էին, իսկ բարդ դեպքերի և նեղ մասնագիտական կոնսուլտացիաների համար ուղեգրում էին ավելի բարձր որակավորում ունեցող նեղ մասնագետի մոտ: Հետո մի քիչ էլ անցավ, ու ընտանեկան բժիշկները հասկացան, որ նեղ մասնագետների մոտ հերթեր են, պացիենտը երբեմն երկար ճանապարհ է անցնում մինչև մասնագետին հասնելը, ժամանակ է կորցնում, շատերը դժգոհում են, և որոշեցին այդ նեղ մասնագետներից ամենապահանջվածներին աշխատանք առաջարկել հենց իրենց գրասենյակներում, որ պացիենտը էլ այսկողմ-այնկողմ չգնա: Այդպես ընտանեկան բժիշկների կողքին հայտնվեցին նեղ մասնագետներ: Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Եթե ոչ, շարունակեմ մի փոքր պատմական ակնարկով.

1924 թվականն էր: Բոլշևիկները հաղթել էին,  և այն ժամանակվա ՍՍՀՄ առողջապահության ժողովրդական կոմիսար Ն.Ա. Սեմաշկոն սահմանեց սովետական առողջապահական մոդելի սկզբունքները բնակչության համար: Ստեղծվեցին պոլիկլինիկաները, որտեղ միասին աշխատում էին տեղամասային թերապևտները, մանկաբույժները և նեղ մասնագետներ: Ամեն ինչ պարզ էր, հասկանալի: Մարդիկ գիտեին իրենց տեղամասային բժիշկներին, և ամեն ինչ կազմակերպվում էր նրանց միջոցով, իսկ նեղ մասնագետները միշտ նրանց կողքին էին: 

Փաստորեն, Արևմուտքում ընտանեկան բժշկի գրասենյակը, իր զարգացման ներկայիս բարձրակետին հասնելով, վերածվեց պոլիկլինիկայի: Սեմաշկոյի ստեղծած առողջապահական համակարգը գործեց խորհրդային ողջ ժամանակաշրջանում, իսկ այս ժառանգության հիման վրա նորանկախ Հայաստանում սկսեց «բարեփոխումների» մի ամբողջ շղթա, առանց հստակ քարտեզագրելու, թե ինչ ունենք  ամբուլատոր հատվածում և ինչ նպատակներով  այն կարող ենք օգտագործել:  2000 թվականներից, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և վարկեր ներգրավելով, սկսվեց  ընտանեկան բժշկի ինստիտուտի ներդրումը:  Տարիներ անց կարող ենք փաստել, որ գյուղական համայնքներում  ընտանեկան բժշկի գրասենյակները մեծամասամբ գործում են, այսինքն ունենք ընտանեկան բժիշկներ, իսկ քաղաքային համայնքներում  ծրագիրը ամբողջովին ձախողվել է: Արդյունքում մնացել են գրեթե նույն պոլիկլինիկաները: Գրեթե, որովհետև հինը քանդեցինք, իսկ նորը այդպես էլ չկայացավ: Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացուն այսօր մեծամասամբ չի գոհացնում ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների որակը: Արդյո՞ք իրականում ԱԱՊ-ն կատարում է իր հիմնական՝ կանխարգելման ֆունկցիան:

Նմանատիպ հարցերին պատասխանելու համար վերհիշենք, որ  հատկապես այս օղակում պետք է վաղ  հայտնաբերվեն և կանխարգելվեն հիվանդությունները, ինչպես նաև շարունակական հսկողություն իրականացվի հիվանդների նկատմամբ :

Մեր քաղաքացիների ո՞ր մասն է տեղեկացված և պարբերաբար դիմում  իր ընտանեկան բժշկին: Վստահաբար փաստում եմ, որ բավական քիչ: Պայմանները լավը չեն, մասնագետների որակավորումը չի գոհացնում, անալիզների պատասխաններին չենք վստահում և այլն: Պատճառները շատ են:

Անհրաժեշտ է  փոխել  ԱԱՊ-ի փիլիսոփայությունը, նշանակությունը և, հետևաբար, գործելակարգը:

ԱԱՊ բժիշկը պետք է ստանձնի քաղաքացու, ընտանիքի «առողջության պաշտպանի» ֆունկցիան: Նրա պրիզմայով պետք է անցնեն քաղաքացու  առողջությանն ուղղված բոլոր գործողությունները՝ հետազոտության գնալը, նեղ մասնագետի խորհրդատվությունը, վիրահատությունը, ծննդաբերությունը և այլն: Ամբուլատոր քարտը անհրաժեշտ է վերափոխել  «Առողջության պատմության»՝ բնականաբար էլեկտրոնային տարբերակով:

Փոխարենը  այսօր պոլիկլինիկայի բժիշկը անվերջ գրագրություն է անում, եթե նախկինում միայն թղթային ձևաչափերն  էին, ապա այժմ և՛ թղթային, և՛ էլեկտրոնային են,  և բժշկին ժամանակ չի մնում հիվանդին զննելու և բուժական այլ գործողություններ անելու,  իսկ որակի մասին էլ չխոսեմ: Հայտարարում են, որ  օրինակ շուրջ 25%-ով  նրանց աշխատավարձն ավելացել է.  գուցե,  բայց արդյո՞ք այդ քայլը  բերել է բուժօգնության որակի, քաղաքացիների վստահության  կամ այլ ցուցանիշների բարելավման. ո՛չ, ընդամենը փոքրիկ ամոքիչ ծրագիր, որը չի կարող  որևէ էական ազդեցություն ունենալ:

 Կարծում եմ` գյուղերում և մարզային փոքր համայնքներում մենք պետք է ունենանք ընտանեկան բժշկի գրասենյակներ, որոնք կառավարվեն խոշոր մարզային հիվանդանոցների կողմից, որոնք կապահովեն նաև նեղ մասնագետների պարբերական այցեր, լաբորատոր հնարավորություններ, իսկ Երևանում և խոշոր քաղաքներում պետք է պահպանենք և զարգացնենք պոլիկլինիկաները: Առողջապահության համակարգի ֆինանսավորման մեծամասնությունը պետք է ուղղել առաջնային օղակ, բարձրացնել բժիշկների մոտիվացիան, ստեղծել աշխատանքի լավ պայմաններ: Ինչքան շատ ծախսենք կանխարգելման վրա այստեղ, այնքան կթեթևանա երկրի ընդհանուր առողջապահական բեռը, և վերջնական արդյունքում մարդիկ ավելի առողջ կլինեն և ավելի երկար կապրեն: Պոլիկլինիկաների նեղ մասնագետները պետք է լինեն հիվանդանոցների պրակտիկ աշխատող բժիշկներ, որոնք շաբաթվա մեջ կունենան ամբուլատոր ընդունելության օրեր: Այս մոդելը իդեալական աշխատում է, եթե պոլիկլինիկան գործում է խոշոր բժշկական կենտրոնի կազմում:

Եթե շատ փող չդնենք առաջնային օղակի վրա, չենք հաջողի: 2019 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ տվեց երկրներին ԱԱՊ վրա այդ պահին ծախսվող գումարները ավելացնել ՀՆԱ-ի առնվազն 1%-ի չափով: Նույն ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներին ընդհանուր առողջապահական ծախսերից ԱԱՊ օղակին հատկացնել մոտ 65 %: Հայաստանում այդ թիվը չի գերազանցում 30%-ը: Ինչքան շատ ծախսենք առաջնային օղակի վրա, այնքան ավելի առողջ հասարակություն կունենանք: Եթե անգամ տասնապատկեք հիվանդանոցների պոտենցիալը,  համալրեք նորագույն մեթոդներ կիրառվող բժշկական ծառայություններով, միևնույն է, չենք ունենա  մեր ցանկալի առողջ հասարակությունը, չենք արձանագրի առողջապահական ցուցանիշների համընդհանուր  բարելավում: Պետք է անցում կատարենք հիվանդ մարդուն բուժելու փիլիսոփայությունից դեպի առողջ մարդու առողջությունը պահպանելու փիլիսոփայության: Ե՛վ ավելի մատչելի կլինի, և՛ ավելի արդյունավետ:

Առողջ հասարկություն ունենալու բանալին ԱԱՊ բժշկի ձեռքում է»:

Հարգանքով՝

Արմեն Չարչյան

Սամվել Սողոմոնյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ