«Արժանապատիվ բուժաշխատողների միություն» հասարակական կազմակերպությունը առաջարկ է հրապարակել Առողջապահության նախարարությանը․ «Բաց առաջարկ ՀՀ առողջապահության նախարարություն․
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Ա․Ավանեսյանը հայտարարել է, որ եթե հարազատները դիահերձարաններից չվերցնեն նույնականացված դիերը՝ դրանց հուղարկավորությունը կկազմակերպի պետությունը։
Ա․ Ավանեսյանը միտումնավոր շրջանցում է մի շարք հարցեր, որոնք ծագում են այս հայտարարությունը լսելիս։ Մասնավորապես․
1. Ինչու՞ հարազատները չեն ուզում վերցնել և հուղարկավորել նույնականացված դիերը։
2. Արդյո՞ք նրանց տրամադրվել է համապատասխան շարունակական հոգեբանական աջակցություն այս հարցում։
3. Քանի՞ այդպիսի նույնականացված դի կա ըստ Ա․Ավանեսյանի տվյալների, որոնց հարազատները չեն ուզում վերցնել։
4. Ինչու՞ է Ա․Ավանեսյանը կեղծում, որ զոհվածների դիերի ոչ պատշաճ պայմաններում պահպանումը Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում մասնավոր դեպք է, երբ հայտնի են մի շարք այլ նմանատիպ դեպքեր։
5. Արդյո՞ք պատերազմից հետո դիերի նույնականացման գործընթացն իրականացնելիս Դատաբժշկական կենտրոնն ունեցել է անհետ կորածների ամբողջական ցանկը և կատարվե՞լ է արդյոք ակտիվ աշխատանք նրանց ծնողների և հարազատների հետ, հետագա նույնականացման և ԴՆԹ նմուշներ ստանալու նպատակով կենսանյութ վերցնելու համար։
6. Եթե Ա․Ավանեսյանը ներողություն է խնդրում և ընդունում է իր մեղավորությունն այս գործում, ինչու՞ են դրա համար թիրախավորվում և պատասխանատվության ենթարկվում բուժաշխատողները։
Մինչև կստացվեն այս հարցերի պատասխանները, այս պահին մի կողմ թողնելով հնչած արտահայտությունը գործողության վերածելու դեպքում հնարավոր բարոյահոգեբանական հետևանքների գնահատականը, կարելի է նախնական եզրահանգել, որ հանրության կողմից, մասնավորապես, զոհվածների հարազատների կողմից կա ակնհայտ անվստահություն պետական կառավարման մարմնի նկատմամբ:
Այն հաղթահարելու համար Արժանապատիվ բուժաշխատողների միությունը առողջապահության նախարարությանն առաջարկում է աջակցել Դատաբժշկական կենտրոնի մեր գործընկերներին և թեթևացնել նրանց գերծանրաբեռնվածությունը։ Օգտագործելով լուծարված ՁԻԱՀ–ի կենտրոնի ՊՇՌ–ի, մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկայի լաբորատորիայի սարքավորումները, որոնք 1 տարուց ավելի պարապուրդի են մատնված մասնագետների բացակայության պատճառով, նույն կենտրոնի աշխատանքից ազատված մասնագետներն իրենց ուժերով անվճար կարող են իրականացնել կրկնակի նույնականացման հետազոտություններ։ Դրա համար անհրաժեշտ է տրամադրել միայն ծախսանյութեր, կատարել ծրագրային ապահովում և օպերատիվ կերպով իրավական ձևակերպում տալ։
Դա հնարավորություն կտա մեծացնել վստահությունը նույնականացման գործընթացի հանդեպ, զոհերի հարազատներին ներկայացնել պետական կառույցներում ներկայում չաշխատող մասնագետների միջոցով կատարված այլընտրանքային հետազոտությունների պատասխանները։
Եթե դուք շահագրգռված եք իրականում այդ հարցը լուծել, ուրեմն ակնկալում ենք Առողջապահության նախարարության արագ արձագանքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը