Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են հանրային առողջության խնդիրներին
«Երկրի բնակչության ընդհանրական առողջությունը յուրաքանչյուր պետության ռազմավարական պաշարն է, և այդ պաշարը չի կարելի մսխել: Այն անհրաժեշտ է պահպանել և հետևողականորեն փորձել այն մեծացնել:
Ես փորձում եմ հնարավորինս զերծ պահել ընթերցողին թվային ցուցանիշներից, մասնագիտական տերմիններից և ավելի պարզ ներկայացնել ասելիքս, սակայն հիմա կուզեմ մի քանի ցուցանիշ ներկայացնել, որպեսզի հասկանալի լինի , թե ընդհանուր առմամբ ինչ առողջապահական տվյալներ ունի մեր երկիրը, ինչ ներկա և սպասվելիք խնդիրների առաջ կարող ենք կանգնել, և ինչ ուղղությամբ է դա հնարավոր շտկել:
Խորհրդային տարիներին ստեղծված առողջապահական համակարգը, որը բավականին արդյունավետ էր աշխատում հատկապես առաջնային օղակում, ինչպես նաև ընդհանուր կյանքի և միջավայրի պայմանները բերեցին նրան, որ Հայաստանի բնակչությունը գնալով աճում էր , աճում էր նաև կյանքի միջին տևողությունը, և իջնում էր մահացությունը: Մենք շատ երեխաներ էինք ունենում, մեր երիտասարդները չէին լքում երկիրը, և արդյունքում երիտասարդանում էր նաև բնակչության կազմը: Ամեն ինչ փոխվեց 90-ականներից սկսած: Երիտասարդները արտագաղթում էին, դրա հետևանքով սկսեց կտրուկ իջնել նորածինների քանակը, վատացան ապրուստի պայմանները, մեծացավ աղքատությունը, սկսեց փլուզվել խորհրդային առողջապահական համակարգը, և մենք ունեցանք այն, ինչ ունենք այսօր:
Մեր ազգաբնակչությունը տարեցտարի պակասում է: Օրինակ` 2019-ին պակասել է ավելի քան 20.800 մարդով (ըստ պաշտոնական թվերի): Մենք շատ քիչ երեխաներ ենք ունենում, այնքան քիչ , որ չենք կարող ապահովել նույնիսկ պարզ վերարտադրություն, էլ ուր մնաց, թե շատանանք: Ծնելիության գործակիցը մեզ մոտ 1.6 է, իսկ 1990-ին եղել է 2.6 (պարզ վերարտադրություն ապահովում է 2.15-ը): Մեր բնակչության 12.8 % տարեց մարդիկ են, և մեր հասարակությունը դասվում է զգալի ծերացող հասարակությունների թվին (հասարակությունը համարվում է ծերացող, եթե 65-ն անց անձանց տոկոսը բարձր է 7%-ից): Մենք միջինում ավելի կարճ ենք ապրում` համեմատած Եվրոպական երկրների հետ, և բարձր է մահացության գործակիցը: 1990-ին այն կազմում էր ամեն 10.000 բնակչի հաշվով տարեկան 6 մարդ, հիմա` 9.3, բայց ամենավատը, որ այդ մահացողների 27 տոկոսը, այսինքն գրեթե ամեն երրորդը, չի հասնում 65 տարեկանին: Այդ մարդիկ մահանում են` լինելով դեռ այն տարիքում, երբ կարող էին աշխատել, օգուտ բերել իրենց և երկրին, արժեք ստեղծել: Մարդկանց կեսից ավելին մահանում է սիրտ-անոթային հիվանդություններից, 20 %-ը` ուռուցքներից, մնացածը` շաքարային դիաբետից, թոքերի հիվանդություններից և այլն:
Իսկ որո՞նք են պատճառները: Մենք շատ ենք ծխում, շատ ենք խմում, քիչ ենք շարժվում, էկոլոգիան լավը չէ , եկամուտները բարձր չեն, աշխատատեղերում անվտանգ պայմաններ ապահովող չկա, առողջապահական համակարգը սխալ է աշխատում և այլն:
Հիմա ներկայացնեմ մի պատկեր, որից պարզ կդառնա թե ինչ գործոններ և ինչ չափով են ազդում մեր առողջությունը խաթարելու վրա:
Առաջին հայացքից կթվա , թե առողջապահական համակարգի աշխատանքի ազդեցությունը մարդու առողջության վրա ընդհամենը 15 տոկոս է, սակայն դա այդպես չէ: Առողջապահության նախարարության հիմնական նպատակը պետք է լինի հանրության առողջության բարելավումը, ոչ թե հիվանդ անհատին բուժելը: Նախարարությունը չպետք է կենտրոնանա միայն հիվանդ քաղաքացիների բուժօգնության կազմակերպման և պետական ֆինանսների բաշխման վրա: Իմ խորին համոզմամբ ֆինանսների բաշխման, վերահսկման, պետպատվերի տեղադրման գործառույթները ընդհանրապես պետք է հանվեն առողջապահության նախարարությունից: Նախարարությունը նախ և առաջ պետք է ծրագրի և իրականացնի հանրային առողջապահական ծրագրեր, ծրագրեր, որոնք կկանխարգելեն հիվանդությունները, կօգնեն դրանց վաղ հայտնաբերմանը, կբարելավեն շրջակա միջավայրը, կխթանեն առողջ ապրելակերպը և կստեղծեն դրա համար պայմաններ: Պատահական չէ, որ շատ զարգացած երկրներում այդ նախարարությունները կոչվում են առողջապահության և սոցիալական հարցերի նախարարություն: Այս բոլոր գործառույթների իրականացման վրա աշխատող նախարարության աշխատանքի արդյունքը հասարակության ընդհանրական առողջության բարելավման վրա արդեն կկազմի մոտ 60-70 %:
Գրագետ և արդյունավետ աշխատող առողջապահական համակարգը ոչ միայն ունակ է երկարացնելու մարդկանց կյանքի տևողությունը, կրճատելու հաշմանդամությունը, այլև, ի հաշիվ նրա , որ կկրճատվեն անաշխատունակության օրերը, մարդիկ չեն մահանա աշխատունակ տարիքում, աշխատավայրում կաշխատեն առողջ և անվտանգ պայմաններում , հսկայական ծախսեր չեն անի բուժելու մի հիվանդություն, որը կարելի էր կանխարգելել, արդյունքում կունենանք հսկայական տնտեսական աճ՝ հիմնված առողջ մարդու աշխատանքի արդյունավետության մուլտիպլիկատիվ էֆեկտի վրա: Առողջ մարդու աշխատանքի արդյունավետությունը միջինը 25%-ով ավելի բարձր է, քան քրոնիկ հիվանդություն ունեցողինը: Առողջապահության վրա դրված յուրաքանչյուր 1 բյուջետային դոլլարը արդյունքում ՀՆԱ-ին բերում է լրացուցիչ 7 դոլլար:
Անհրաժեշտ է ներդնել ՀՀ բնակչության համատարած դիսպանսերիզացիա: Մենք, ծնվելու օրվանից մինչ մահ, պետք է լինենք առողջապահական համակարգի ուշադրության կենտրոնում: Պետք են սկրինինգներ՝ հատկապես ուռուցքների վաղ հայտնաբերմանն ուղղված: Պետք է ծախսել 10 հազար դրամ կոլոնոսկոպիայի վրա և չծախսել միլիոններ հաստ աղիքի քաղծկեղ բուժելիս: Պետք է պայքարենք վնասակար սովորույթների դեմ, ստեղծենք բարենպաստ միջավայր, որ թե’ փոքրերը և թե’ տարեցները բավարար ֆիզիկական ակտիվություն ունենան: Խստորեն պետք է հետևենք, որ մարդկանց աշխատատեղերում առողջ և անվտանգ պայմաններ ապահովվեն, իսկ մասնագիտական հիվանդությունները վաղ հայտնաբերվեն և բուժվեն գործատուի հաշվին:
Առողջ հասարակություն ունենալը ոչ միայն ամուր տնտեսություն է, այլև ազգային անվտանգություն և քաղաքական կայունություն: Մենք պատերազմող երկիր ենք, և մեր բանակին առողջ զորակոչիկներ են պետք: Մենք քիչ ենք, և մեր երկրին առողջ աղջիկներ են պետք , որ մայրանան և սերունդ տան: Մեր ընտանիքների ամրության համար մեզ առողջ տարեցներ են պետք, որ ոչ թե բեռ լինեն, այլ մեծագույն արժեք և իմաստության աղբյուր մեր և մեր զավակների համար: Ապացուցված է, որ եռասերունդ ընտանիքները ավելի ամուր են, իսկ ամուր ընտանիքը ամուր պետության հիմքն է:
Այս ամենը հնարավոր է, այս ամենը իրականություն է աշխարհի շատ երկրներում, և համոզված եմ` կիրականանա նաև Հայաստանում: Դրա համար պետք է կամք, գիտելիք, ժամանակ և փող… շատ փող: Բայց այդ փողը վերադառնալու է մեր երկրին յոթապատիկ: Դա այն փողն է , որ արժե և պետք է ծախսել։
Հարգանքով
Արմեն Չարչյան
Սամվել Սողոմոնյան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը