Մարդն անասունից հիշողությամբ է տարբերվում: Հրանտ Մաթևոսյանն է բանաձևել, եթե չեք մոռացել: Մինչդեռ հանրային կամ հավաքական «կարճ հիշողությունը», երբ ակտիվ հանրությունը, առնվազն սոցհարթակներում, թեմայից թեմա է ցատկոտում, ասես տեղում մոռանալով բառացիորեն 1 կամ 10 օր առաջ կատարվածը, վերստին դժբախտության մեջ ընկնելու երաշխիք է:
Իրո՛ք, այնպիսի տպավորություն է, որ շատերը հազիվ հասցնում են միայն ընթացիկ լրահոսի ճչան վերնագրերը կամ դեպքերը թեթևակի մտապահել, այդպես մի 2-3 ժամ, մինչև նոր լրահոսային «ֆասթ-ֆուդ» լցնեն դեմները:
Դիտարկեմ վերջին մի երկու օրվա օրինակով: Հունիսի 2. Մայրաքաղաքի կենտրոնում, օրը ցերեկով, գանգստերական սպանություն՝ «կրիմինալ ռազբոռկաների» ոճով: Ու... եթե ոչ բոլորը, ապա շատերը դրանից են խոսում (բնականաբար): Քի՞չ է, խնդիր չէ՝ ուզուրպատոր Նիկոլի Փարիզ-Բրյուսել «ծննդյան» այց, որի նշանակությունը թերի աճած բրյուսելյան կաղամբից էլ փոքր է: Քի՞չ է, խնդիր չէ՝ «քայլոներից» որևէ մեկը մի հիմարություն դուրս կտա, մի սադրիչ բան կասի, ու՝ գնա՜ց:
Հունիսի 3. քչփորիկ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ԱԺ նիստի ժամանակ վիրավորական արտահայտություն է անում 2,5 տարի առաջ իրենց ներգրաված, իրենց «քայլը» խմբակցության մեջ մտած, ապա կապիտուլյացիայից հետո խելամտորեն դուրս եկած նախկին լրագրող Թագուհի Թովմասյանի հասցեին: Ու ամբողջ օրը, որ կողմ շրջվում ես՝ «իդիոտկա» բառի շուրջ, շատ կներեք, անկապ խոսակցություն, ռեպլիկներ, նկարներ: Քի՞չ է, խնդիր չէ՝ Նիկոլի առողջապահության նախարարուհին մի անկապ բան կասի, ու՝ գնա՜ց:
Քի՞չ է, խնդիր չէ՝ կեսգիշերին մոտ կարկառուն նիկոլական, կորոնամահային համաճարակի, հարյուր հազարավոր մարդկանց վարակվելու և ավելի քան 5500 մարդկանց մահանալու իրավիճակի հիմնական մեղավոր-պատասխանատուներից և միայն 2020-ին շուրջ 11 միլիոն դրամի պարգևավճար ստացած (որպես առողջապահության նախարար) Արսեն Թորոսյանը, բառի բուն իմաստով՝ մի բան կբլթացնի: Դա էլ, երևի, հունիսի 4-ի «օրակարգի» համար:
Պրոֆեսիոնալ փորձը հուշում է, որ նմանօրինակ դրսևորումներին արձագանքելը անխուսափելի է, իհարկե, և դրանք չեն էլ կարող բացարձակապես աննկատ մնալ: Բայց... դրանք բոլորը «ստից օրակարգեր» են, այն իմաստով, որ շեղում, մի տեսակ մոռացության են մատնում իրական խնդիրները, դաժան ու ավելի դաժանացող իրականությունը: Ըստ էության, Նիկոլը վաղուց արդեն որդեգրել է խայտառակ եղելություևնները... այլ խայտառակությունների տակ թողնելու գործելակերպ՝ դաշնակից ունենալով հանրային «կարճ հիշողությունը»:
Բա ո՞րն է իրական օրակարգը, միգուցե կհարցնի հարգելի ընթերցողը:
Դաժան իրականությունն ու իրական օրակարգն այն է, որ մայիսի 12-ից ի վեր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի զգալի հատվածներ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, զավթված են թշնամու զինված ստորաբաժանումների կողմից, և արդեն 22 օր այդպես էլ մնում են թշնամու ձեռքում ու կեղտոտ ներբանների տակ՝ «քայլիստ»-նիկոլական չ-իշխանության բացարձակ անգործության պայմաններում ու պատճառով:
Դաժան իրականությունն ու իրական օրակարգն այն է, որ մայիսի 27-ից թշնամական գերության մեջ են հայտնվել ևս 6 հայ զինվորականներ, որոնց վերադարձնելու համար բացարձակ անհայտ է, թե ինչ են անում կամ չեն անում իրենց իշխանություն համարող այս թյուրիմացությունները: Ավելին, տպավորություն է, որ բոլորը համերաշխ մոռացան գերված հայրենակիցների մասին:
Դաժան իրականությունն ու իրական օրակարգն այն է, որ Նիկոլի «դասավորած պատերազմում» զոհված մեր հարյուրավոր տղաների մարմինները ամբողջ 8 ամիս պահվել են անհայտ, ի լրումն՝ նվաստացուցիչ ու զոհվածների հանդեպ անհարգալից պայմաններում ու վիճակում, հետո էլ տոպրակների մեջ տարվել ու անտեր-անտիրական, նետվել են գավառական հիվանդանոցի դիահերձարանի ծեփաթափ նկուղում, ու Նիկոլը և իր նիկոլիկները կարծում են, թե մի ստից ներողություն խնդրելով կամ մի երկու «սլաքավարի» գործից ազատելով «հարցը փակեցին»:
Դաժան իրականությունն ու իրական օրակարգն այն է, որ պետությունը, ժողովրդին կործանման հորձանուտը նետած հանցավոր խմբոնը արդեն 7 ամիս է, ինչ շարունակում է համարվել Հայաստանի իշխանություն, իբր դա քիչ է, դեռ մի բան էլ հոխորտում է, թե՝ վերաարտադրվելու է, դեռ մի բան էլ հպարտանում է... պատերազմում թշնամու հաղթանակով: Ու այդքանից հետո նման «հպարտություն» ունեցողը շնչում, անգամ՝ արտաշնչում է ու իր վարձկանների ծափերը լսում:
Իրական օրակարգն ու հրամայականն այն է, որ ամեն ինչ պետք է արվի՝ դրանց առնվազն 16 օրից արդարադատության գիրկն ուղարկելու, ապա՝ պատմության աղբանոցը նետելու, բայց երբեք չմոռանալու ու չներելու համար:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը