01 06 2021

Դիերի և մասունքների ոչ պատշաճ պահումն իմ բացթողումն է եղել․ Անահիտ Ավանեսյան

Դիերի և մասունքների ոչ պատշաճ պահումն իմ բացթողումն է եղել․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն է խնդրել:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ,

երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին:

Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար:

Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով:

Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ:

Այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փերձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքները արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին»:

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ «Խոսք չի կարող լինել նոր կամ «թաքցրած» դիերի ու մասունքների մասին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ