19 05 2021

Պարզվում են Սյունիքում ջրից թունավորման դեպքերի հանգամանքները. քրեական գործ է հարուցվել

Պարզվում են Սյունիքում ջրից թունավորման դեպքերի հանգամանքները. քրեական գործ է հարուցվել

2021թ. մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում վարակիչ հիվանդությունների ախտանշաններով «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ են դիմել Սյունիքի մարզի բնակիչներ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համաճարակաբանական հետազոտությունների շրջանակներում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային հսկողություն: Արդյունքում հայտնաբերվել են աղիքային վարակիչ հիվանդության բնորոշ ախտանշաններ, որի հետևանքով նշված անձանց վիճակը գնահատվել է միջին և թեթև ծանրության:

Դեպքի առթիվ 2021թ. մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) 1-ին մասով, որը մայիսի 18-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել է ջրի նմուշ և նշանակվել դատասննդային փորձաքննություն, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ