15 05 2021

«Դավա՛յ ստուց, դու՛րս կորի, չնկարե՛ս». Էջմիածնի՝ Նիկոլին ծառայող ԵԿՄ-ականները հարձակվել են լրագրողի վրա

«Դավա՛յ ստուց, դու՛րս կորի, չնկարե՛ս». Էջմիածնի՝ Նիկոլին ծառայող ԵԿՄ-ականները հարձակվել են լրագրողի վրա

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը՝ նկատելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի գրասենյակի պատերին փակցված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբերանշաններով և Փաշինյանի նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներ, այցելել է գրասենյակ՝ պարզաբանում ստանալու համար, թե ի՞նչու է ապաքաղաքական և ռազմահայրենասիրական կառույց համարվող ԵԿՄ-ի գրասենյակը ծառայեցվում իշխանական նախընտրական քարոզչամեքենային, կամ ինչո՞վ է պայմանավորված, որ ԵԿՄ-ի գրասենյակի պատերը ողողված են իշխանական նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներով: 

Լսելով հարցադրումը՝ գրասենյակում գտնվող մի քանի տղամարդիկ, հանցանքում բռնվածի վարքագծին հարիր ագրեսիվ պահվածք դրսևորելով, հարձակվել են Լիա Սարգսյանի վրա, քաշքշել, հրմշտել, խփել հեռախոսին, վիրավորել, անվանել «դավաճան», «խոպանչի», «շանտաժիստ» և այլն: Լիա Սարգսյանը փորձել է քաղաքակիրթ կերպով կրկնել հարցադրումները և ստանալ բացատրություններ, սակայն դավաճան իշխանությանը և նրանց կամակատար Սասուն Միքայելյանին ծառայող ԵԿՄ-ականները, իրենց ներկայացնելով «ազգափրկիչ ֆիդայիներ», շարունակել են վայրենաբարո բղավոցներով,  փողոցային բառապաշարով («դավա՛յ էղի ստուց» և այլն) ու միջնադարյան սպառնալիքներով դուրս քշել լրագրողին:

Լրագրողի փոխանցմամբ՝ հարձակումն իրականացրել է ԵԿՄ Էջմիածնի գրասենյակի նախագահ ներկայացող ոմն Արմեն Շահբազյանը և պատասխանատու ներկայացած ոմն  Արթուր անունով մեկը:

Լրագրողը հասցրել է ձայնագրել Էջմիածնի ԵԿՄ-ականների հիշյալ պահվածքը ներկայացնող որոշ հատված, որը ներկայացնում ենք ստորև:

Yerkir.am-ի խմբագրությունը դատապարտում է «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի գրասենյակի նախագահի և  ներկայացուցիչների նման այլանդակ վարքագիծը և հայտնում, որ լրագրող Լիա Սարգսյանը դիմել է ոստիկանություն՝ լրագրողի մասնագիտական աշխատանքին խոչընդոտողներին, վիրավորողներին, հրմշտողներին ու անվանարկողներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ