Ակնհայտ է, որ Հայաստանի Զինված ուժերը երկրի սահմանները չեն ցանկանում պաշտպանել, ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող, «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը.
«Իսկ առաջխաղացող թշնամուն, եթե չես կանգնեցնում, նշանակում է այդպիսի հրաման ունես: Արդեն երկրորդական է՝ Գլխավոր շտաբի պետին նման հրաման տվե՞լ է Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ: Զորքի հրամանատարը չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները: Նրան ԱԱԾ-ն դեռ երեք օր առաջ պետք է կալանավորեր, և արդեն իսկ պետք է ունենայինք շտաբի նոր պետ:
Բայց Նիկոլ Փաշինյանին հենց այսպիսի շտաբի պետ է պետք, որոշում չկայացնող շտաբի պետ, չդիմադրող: Արտակ Դավթյանին ժամանակին նույնիսկ իր ղեկավարած զորամասում սպաները չէին ենթարկվում: Նա երբեւէ ոչ մի որոշում չի կայացրել ռազմի դաշտում, 2018-ին նույնիսկ թաքցրել էր Նախիջևանի հատվածում թշնամու դիրքերի առաջխաղացման փաստը: Ու մեկ էլ Պատրոն Դավոյի հետ հին զենքերի գործարքներին իր համաձայնությունն է տվել:
Թշնամին տարբեր հատվածներում մտնում է մեր տարածք, դա շարունակվելու է նաև վաղը, մի շաբաթ հետո, մի ամիս հետո: Ում էլ դիմի իշխանությունը՝ զրո արդյունք է ունենալու, բոլորը զրո վերաբերմունք են ցույց տալիս այն ղեկավարին, որն իր երկրի սահմանները նույնիսկ չի փորձում պաշտպանել: Հայտարարություններ են լինելու բազում, դատապարտելու են Ալիևին, բայց դա առանձնապես բան չի փոխելու: Այո, պարտությունից հետո բանակը հուսալքված է, քիչ ժամանակ է անցել վերականգնվելու համար, բայց երկրի այսպիսի օրհասական վիճակում նա է միակ երաշխիքը: Դիվանագիտությունը որևէ արդյունք չի ունենալու այս փուլում, մինչև ցույց չտաս, որ քեզնից գործոն ես ներկայացնում, կաս որպես կողմ: Իսկ մենք այժմ ոչ մեկի համար գործոն չենք, նույնիսկ չգիտեմ ինչ ենք:
Կարծում եմ՝ այլ ելք չկա: Ադրբեջանցիները հետ չեն գնալու, նրանք, ինչպես տեսնում եք, նպաստավոր դիրքեր են ընտրում հետագա գործողությունների համար: Ադրբեջանի իշխանություններին տվե՛ք մի քանի ժամ՝ զորքերը դուրս բերելու համար, չկատարելու դեպքում սկսեք ռազմական գործողություն: Մենք Ադրբեջանին պատերազմ չենք հայտարարում, մենք մեր սահմանն ենք պաշտպանում:
Շահարկումները կանխելու համար ասեմ, որ երեք ընկերներիս հետ պատրաստ ենք մասնակցել այդ ռազմական գործողությանը», - գրել է Բաղդասարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը