19 04 2021

ԵԽ քաղաքական խմբերում քննարկվել է հայ ռազմագերիների հարցը. Նաիրա Զոհրաբյան

ԵԽ քաղաքական խմբերում քննարկվել է հայ ռազմագերիների հարցը. Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է և քաղաքական խմբերում սկսվել է հայ ռազմագերիների հարցի քննարկումը, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշել է նաև, որ Եվրոպայի ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբում հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկումը ևս բավականին թեժ է եղել:

«Ես ներկայացրել եմ անհերքելի փաստեր՝ հաստատված Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հայ ռազմագերիների թվի վերաբերյալ, ներկայացրել եմ փաստեր հայ ռազմագերիների խոշտանգումների վերաբերյալ  և խոսել եմ միջազգային իրավունքի և միջազգային այն կոնվենցիաների մասին, ըստ որոնց, Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերադարձնել հայ ռազմագերիներին:

Նշել եմ նաև, որ Ադրբեջանի «պատճառաբանությունը», թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, անամոթ և միջազգային իրավունքը ոտնահարող լկտի սուտ է և կոչ եմ արել Եվրոպայի Խորհրդին օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ ռազմագերիների ազատության համար։

Բնականաբար, ադրբեջանական պատվիրակության անդամները խեղաթյուրելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը կրկին շեշտեցին, որ նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն և նրանց հանդեպ դեռևս իրավական-դատական գործընթաց պիտի տեղի ունենա, և չունենալով որևէ լուրջ հակափաստարկ, նրանք սկսեցին խոսել, որ  անցած 30 տարիներին «զավթվել» ու «ավիրվել» են իրենց տարածքները:

Հայ ռազմագերիների հարցի հիմնական քննարկումը տեղի կունենա վաղը՝ օրվա երկրորդ կեսին  և քանի որ քաղաքական հիմնական խմբերում գերակշիռ է տեսակետը, որ Ադրբեջանը անհապաղ պիտի կատարի Ժնևի 3-րդ կոնվենցիան և ազատ արձակի հայ բոլոր ռազմագերիներին,  վստահ եմ, որ քննարկումները արդյունավետ են լինելու, - գրել է Զոհրաբյանը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ