13 04 2021

ՀՀ իշխանությունները Կանադային չեն տրամադրել «Բայրաքթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ․ Yerkir.am

ՀՀ իշխանությունները Կանադային չեն տրամադրել «Բայրաքթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ․ Yerkir.am

Կանադան խնդրել է Հայաստանին տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ապացուցել կանադական տեխնոլոգիաների կիրառումը «Բայրաքթար» անօդաչուներում, սակայն Հայաստանի իշխանությունները չեն տրամադրել որևէ տեղեկատվություն` այդպիսով հետաքննության ընթացքում չօժանդակելով կանադական իշխանություններին՝ հայտնում է Yerkir.am-ը։

 

Այս մասին ասվում է Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության մեջ, որից տեղեկանում ենք, որ Կանադայի Հայ դատի հանձնախմբի ջանքերով է այդ երկիրը կասեցրել թուրքական ընկերություններին տրամադրված ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերը։

Հայ դատի գրասենյակը Հայաստանի ԱԳՆ-ի այս կեցվածքը խիստ տարակուսելի է որակել՝ հայտնելով, որ Կանադային չօժանդակելու մասին իմացել է այդ երկրի արտգործնախարարության հրապարակած հետաքննությունից, որի մեջ բառացիորեն գրված է այս մասին։

Ըստ կայքի՝ ՀՀ ԱԳՆ-ն, վստահաբար, ունեցել է փաստեր, որ «Բայրաքթարում» կանադական տեխնոլոգիաներ կան, քանի որ պատերազմի ընթացքում մի քանի անգամ ՀՀ ՊՆ խոսնակը հրապարակեց փաստեր, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ:

 

Կանադան այսօր հետ է կանչել նախկինում տրված՝ զենք և տեխնոլոգիաներ Թուրքիա արտահանելու թույլտվությունները այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները ստացել են ապացույցներ, որ դրանք կիրառվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոյի հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ