Ազգային ժողովի իշխող ուժի պատգամավորներին ու մարզպետերին հրահանգված է այս օրերին անպայմանորեն ուշադրության արժանացնել ապրիլյան պատերազմին ընկած հերոսների ընտանիքներին, այսինքն՝ այցելել նրանց սիմվոլիկ նվերներով, ինչպես նաև Սուրբ Զատկի տոնին պարտադիր մասնակցել 44 օրյա պատերազմին զոհ դարձած զինծառայողների մեռելոցին:
Այնպես որ, վաղը և երեք օր շարունակ սոցցանցերը կողողվեն Աննա Հակոբյանի «կարեկցանքի» թեմատիկ PR լուսանկարներով ու որքան էլ նյարդայնացնող լինի, դրանց կավելանան նաև Փաշինյանի թիմակիցների PR արշավի լուսանկարները:
Ավելորդ է նշել, որ հունիսի 20-ին ընդառաջ Փաշինյանը ցինիզմով կօգտագործի ցանկացած առիթ,անգամ Սուրբ Զատկի տոնը իր քաղաքական քարոզչության համար, բայց թե զոհվածներից քանիսի՞ ընտանիքը թույլ կտա, որ կապիտուլյանը մտնի իր օջախ կամ տրորի որդու շիրիմի հողը, միայն թե փիառվի իր ընտանիքի ողբերգության ֆոնին, պարզ կդառնա հրապարակվող լուսանկարներից:
Yerevan.Today դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ՝ պարզելու՝ ո՞ւմ հաշվին են այդ սիմվոլիկ գնումներն արվելու զոհվածների ընտանիքիների տունայցերի համար և ի՞նչ է գնվելու ի վերջո, մանավանդ որ Աբաջյանի ընտանիք այցի ամոթալի նախադեպը կա:
Իշխող քաղաքական ուժի մամլո քարտուղար Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց. «Այո, հաստատում եմ պատերազմի օրերից սկսած, իշխող ուժի անդամները՝ պատգամավոր թե ցանկացած պաշտոնյա, պարբերաբար այցելում են մեր զոհված եղբայրների ընտանիքներին, իսկ փոքրիկ սիմվոլիկ բաներ են տանում իրենց հետ, թե այլ աջակցություն՝ մանրամասները կխնդրեմ տվյալ պաշտոնյաներից հարցնել»: Ճշտող հարցին՝ կա՞ որոշում որ այսպիսի դեպքերում «Իմ քյալը» հիմնադրամից գումարներ դուրս բերվեն զոհվածների ընտանիքներին աջակցության կամ զուտ այդ սիմվոլիկ խմիչնքներով տունայցերի համար, կուսակցության խոսնակը տեղյակ չէր, կրկնեց՝ դիմեք հասցեատիրոջը:
Yerevan.Today-ը գնումների ցանկում հայտնաբերել է ամոթալի նախադեպը, երբ Ռոբերտ Աբաջյանի տուն այցելելու համար Երևանի քաղաքապետարանը պաշտոնյայի ձեռքի խմիչքի տոպրակի համար հատուկ պետգնումների մրցույթ է հայտարարել: Ուստի չի բացառվում, որ այս անգամ էլ մեկ գինի կամ ծաղկեփունջ զոհվածների ընտանիքներին տանելու համար Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը իր PR-ն ապահովի բյուջեի հաշվին, չնայած «Իմ քայլը» հիմնադրամը ստեղծվել է հենց կուսակցության քաղաքական միջոցառումներն ու քարոզչությունն ապահովելու նպատակով:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը