26 03 2021

Հրապարակվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը

Հրապարակվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը

Այսօր` մարտի 26-ին, Ստամբուլի 14-րդ բարձր դատարանում հրապարակվել է պոլսահայ լրագրող,  «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը. գործով անցնում էր 176 մեղադրյալ, այդ թվում` Թուրքիայում  ահաբեկչական ճանաչված գյուլենական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը, նախկին դատախազ Զեքերիա Օզը, լրագրողներ, նախկին ոստիկաններ և ժանդարմերիայի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Մեղադրյալների վերջին խոսքը լսելուց հետո դատարանը հայտարարել է դատավճիռը:

Դատարանը ոստիկանության նախկին բարձրաստիճան սպաներ Ռամազան Աքյուրեքին և Ալի Ֆուաթ Յըլմազերին դատապարտել է ցմահ ազատազրկման` «մտածված սպանության» հոդվածով:  Մեղադրյալ Յըլմազերն առանձին դատապարտվել է նաև 4 տարի 6 ամիս ազատազրկման` «պաշտոնական փաստաթուղթը վերացնելու» համար, իսկ մեղադրյալ Աքյուրեքը` 5 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման՝ «պաշտոնական փաստաթուղթը վերացնելու» և 7 տարի 6 ամիս ազատազրկման` «փաստաթղթեր կեղծելու» համար:

Դատարանը ձերբակալված նախկին սպա Մուհարեմ Դեմիրքալեին դատապարտել է կրկնակի ցմահ բանտարկության` «Սահմանադրության խախտման» և «կանխամտածված սպանությանն աջակցելու» համար:

Դատարանը ձերբակալված մեղադրյալներ Օքան Շիմշեքին, Վեյսալ Շահինին, ինչպես նաև Տրապիզոնի նահանգի ժանդարմերիայի նախկին հրամանատար Ալի Օզին դատապարտել է 25 տարվա ազատազրկման «Մտածված սպանության» հոդվածով և 3 տարի 4 ամիս ազատազրման` «փաստաթղթերի կեղծման» հոդվածով:

Մեղադրյալ Էրջան Գյունը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` գյուլենական շարժմանն անդամակցելու համար:

Դատարանը Ստամբուլի հետախուզության վարչության նախկին ղեկավար Ահմեթ Իլհան Գյուլերի, Տրապիզոնի հետախուզության վարչության նախկին ղեկավար Էնգին Դինչի, նախկին պաշտոնյա Սաբրի Ուզունի, Ստամբուլի ոստիկանության նախկին ղեկավար Ջելալեթթին Ջերրահի մեղադրանքները կարճել է` վաղեմության ժամկետի հիմքով:

Դատական գործով մյուս մեղադրյալները դատարանի առջև չեն կանգնել, նրանք, ըստ թյուրքական աղբյուրի, փախուստի մեջ են:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ