ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Մեխակավանի հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
«2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ամբողջությամբ ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի օծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ:
Եկեղեցու ավերելու փաստը հաստատվում է BBC World News լրատվամիջոցի հրապարակումով:
Դեռ պատերազմի ժամանակ էին ադրբեջանական զինվորականները հրապարակել տեսանյութ, թե ինչպես են նրանք ցինիզմով անարգանքի, վանդալիզմի ենթարկում հայկական եկեղեցին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարգմանել ու վերլուծել է տեսանյութը, որը բացահայտ վկայում է կրոնական ատելության և հայկական եկեղեցին քանդելու մտադրության մասին։
Ակնհայտ է ևս մեկ փաստ. եկեղեցին ավերվել է ոչ թե ռազմական գործողությունների, այլ դրանց դադարից հետո:
Տեղի ունեցածը Ադրբեջանում հայատյացության և կրոնական հիմքով ատելության քաղաքականության հերթական արդյունքն է, միջազգայնորեն երաշխավորված կրոնական ազատության կոպիտ ոտնահարում:
Սա ևս մեկ ապացույց է առ այն, որ Արցախում հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը