18 03 2021

Վանաձորի դպրոցներից «WhatsApp»-ով հավաքված գումարի հաշվետվությունը մինչ օրս չկա․ Yerkir.am

Վանաձորի դպրոցներից «WhatsApp»-ով հավաքված գումարի հաշվետվությունը մինչ օրս չկա․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

«Yerkir.am-ի տեղեկություններով՝ պատերազմի օրերին Վանաձորի հանրակրթական ուսումնական հաստատություններից հավաքվել է գումար՝ Ռուսաստանից զրահաբաճկոններ և սաղավարտներ գնելու համար: Փողի հավաքման նախաձեռնողը եղել է Լոռու մարզպետարանը: Ընդ որում՝ դպրոցներին հրահանգվել է գումարը ներկայացնել ՌԴ ռուբլու տեսքով՝ պատճառաբանելով, որ այն միանգամից ռուբլիով փոխանցվելու է ՌԴ:

Կախված դպրոցի կոլեկտիվի թվից՝ փողի չափը կազմել է 15-ից 30 հազար ռուբլի: Դպրոցների տնօրենների հարցին՝ որպեսզի ամեն ինչ լինի ավելի թափանցիկ, արդյո՞ք չկա կոնկրետ ռուսական ընկերության որևէ հաշվեհամար, որի վրա իրենք կարող են փոխանցել նշված գումարը՝ նշելով նպատակը, մարզպետարանից հայտնել են, որ այդ գործընթացը տեղի է ունենալու է մարզպետի խողովակով:

Դպրոցները պահանջել են գումարի հանձնման ստացական, սակայն մարզպետարանից ոչինչ չեն տվել:

Հետաքրքրական մի հանգամանք ևս, որի մասին տեղեկացանք Լոռու մարզից. մարզպետարանի՝ նշված գումարի հավաքման հրահանգն իջեցվել է զանգահարելու միջոցով, ընդ որում՝ բոլորին զանգել են բացառապես «WhatsApp» համակարգի միջոցով:  

Լոռու մարզի դպրոցներում փաստում են՝ մինչ օրս որևէ հաշվետվություն, որևէ տեղեկություն կամ իրազեկում չեն ստացել մարզպետարանից առ այն, թե, ի վերջո, ի՞նչ ճակատագրի արժանացան իրենց նվիրաբերած գումարները,  դրանցով գնվեցի՞ն սաղավարտներ և զրահաբաճկոններ, եթե՝ այո, ապա ինչո՞ւ այդ մասին որևէ մեկը մինչ օրս ոչինչ չի խոսում:

Հիշեցնենք՝ 2020 թ. դեկտեմբերի սկզբին լուրեր հրապարակվեցին, որ Գերմանիայից Հայաստան ուղարկված 2,5 տոննա օգնությունը մարզպետի (խոսքը նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մասին է) ու նրա բարեկամների նկուղում է։ Մարզպետը չէր հերքել բեռի առկայությունը, ասել էր, թե հայտարարագրի անհամապատասխանություն կա, և մեջը նաև հոգեմետ դեղեր են եղել։ Նաև ասել էր, թե լուրը սուտ է։ Ըստ մարզպետի՝ դեպքով զբաղվում էր ոստիկանությունը:

Հ.Գ. Զանգահարեցինք Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն՝ պարզաբանում ստանալու: Պարզվեց՝ վարչության պետի պաշտոնակատարը (և, ընդհանրապես, մարզպետարանի ցանկացած ներկայացուցիչ) հարցերին պատասխանում են միմիայն տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի թույլտվությունը ստանալուց հետո: Զանգահարեցինք նշյալ բաժին՝ թույլտվություն ստանալու: Բաժնի պատասխանատուն, դեռևս հարցը չլսած, խնդրեց միմիայն գրավոր ուղարկել հարցերը: Հարցին՝ այս բռնատիրական կարգը, ըստ որի՝ մարզպետարանի աշխատակիցներին արգելված է պատասխանել լրատվամիջոցների բանավոր հարցերին, որքանո՞վ է հարիր «ժողովրդի իշխանությանը», բաժնի պատասխանատուն չցանկացավ պատասխանել՝ կրկին մեզ հորդորելով հարցերը միմիայն գրավոր ներկայացնել:

Բնականաբար, գրավոր արդեն ներկայացրել ենք և պատասխանն ստանալուն պես վերստին կանդրադառնանք խնդրին»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ