Մինչ կառավարությունը դատարաների վրա ազդելու մասին իր հերթական հայտարարությունն է անում՝ նշելով, թե ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով, և դատարանը չի կարող գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին վերականգնել ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը այսօր՝ մարտի 18-ի առավոտյան 8։30-ից իր աշխատասենյակում է և բնականոն աշխատանքային ռիթմի է անցել ԳՇ պետի կարգավիճակում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը վերականգնել է նրան աշխատանքի, քանի դեռ դատական վեճը ավարտին չի հասել։
Օնիկ Գասպարյանի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խարչատրյանն այս պահին գտնվում է հոսպիտալում՝ առողջական խնդիրների պատճառով։ Թե ինչ խնդիրներ են, պարոն Խաչատրյանը չցանկացավ մանրամասնել։ Միայն Yerevan.Today-ին տեղեկացրեց, որ ճիշտ են մեր տեղեկությունները, որ Օնիկ Գասպարյանը ներկայացել է աշխատանքի։
Հիշեցնենք, որ գենշտաբի դեմ կառավարության արշավից հետո, մարտի 10-ին գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարությամբ հանդես եկավ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ իր դիրքորոշումն անփոփոխ է, իսկ իրեն գենշտաբի պետի պաշտոնից ազատելու որոշումը բողոքարկելու է ՀՀ վարչական դատարանում։
Գլխավոր շտաբի ղեկավար կազմն էլ առանձին հայտարարություն տարածեց՝ աջակցելով Օնիկ Գասպարյանին։
Դատարանը բավարարել է գեներալ-գնդապետի փաստաբանի միջնորդությունը, ինչի արդյունքում Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ Գենշտաբի պետ, քանի դեռ դատական վեճը չի կարգավորվել։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը