Մարտի 16-ին Երևանի ավագանին քննարկելու է 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ցույց է տալիս թե նախատեսված գումարի ո՞ր մասն է հավաքագրվել և հավաքվածի ո՞ր մասն է ծախսվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Առավել մանրամասն այս մասին կխոսեմ վաղը, սակայն մեկ թիվ պետք է ներկայացնեմ: 2020թ․ նախատեսված ծախսերի 36.5%-ը չի կատարվել, այն է, կատարողականը կազմել է 63.5%:
Սրանից վատ ցուցանիշ Երևանը չի արձանագրել երբևէ: Համեմատության համար ուսումնասիրեցի Վանաձորի և Գյումրու ծախսային կատարողականները և ցավով պետք է նշեմ, որ մայրաքաղաքի ցուցանիշները անգամ մոտ չեն հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքաների ցուցանիշներին։
Ըստ Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի՝ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:
Եթե Երևանի ավագանին դակող մարմին չէ և պատասխանատվության նշույլ ունի համայնքի նկատմամբ, ապա վաղը պետք է մերժի կատարման հաշվետվությունը դրանից բխող բոլոր հետևանքներով»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը