10 03 2021

6 դատական գործ․ Դատալեքում Արտակ Դավթյանը արդեն իսկ հարուստ կենսագրություն է կերտել

6 դատական գործ․ Դատալեքում Արտակ Դավթյանը արդեն իսկ հարուստ կենսագրություն է կերտել

Արգիշտիքյարամյանաբար, 24 ժամում երկու բարձր պաշտոններ նվաճած գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը քիչ առաջ ոտք է դրել ՀՀ ԶՈՒ ԳՇ շտաբ, որը երեկվանից դարձել է իր նոր աշխատավայրը: Փաստացի, մինչ նախագահի ստորագրությունը, նա համարվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։ Հիշեցնենք, այս հորինովի պաշտոնին նա նշանակվեց երեկ օրվա կեսին՝ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով։ 

Այսպիսի հաստիք Գլխավոր շտաբը երբեք չի ունեցել, սա իրադրային լուծում է եղել Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի իր հրաժարականը պահանջած ողջ ԳՇ կազմում իր ականջն ու աչքը ունենա: Դեկորատիվ, հնարած պաշտոնի մասին կարծիքները Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատեց նաև ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ ընդգծելով, որ այդպիսի հաստիք ունեցել է միայն ՊՆ-ն, այն էլ` վաղուց:

«Ժամանակին ՊՆ-ում նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա եղել է Վաչագան Ղազարյանը, ով հետագայում դարձավ նախագահ Սարգսյանի թիկնազորի պետը: Եվ այս հաստիքը զինվորական բարձր կոչում էր պահանջում, ուներ որոշակի գործառույթ, բայց ինձ համար հասկանալի չէ նախօրեին Արտակ Դավթյանի նշանակման համար ստեղծված հաստիքը:

Գոնե իմ պաշտոնավարման օրոք այդպիսի հաստիք Գլխավոր շտաբը չի ունեցել, վստահեցնում եմ»,-Yerevan.Today-ին դեկորատիվ պաշտոնի մասին ասաց ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ միաժամանակ նշելով, որ Արտակ Դավթյանը  քաղաքական իշխանության հետ գործակցությամբ իրականում գնում է վա բանկ:

Հիշեցնենք, այսօր վարչապետի կամայական պահանջով ԳՇ պետի պաշտոնը համաձայնեց լքել գեներալ-լեյտենատ Օնիկ Գասպարյանը և դրանից րոպեներ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հապճեպ նախագահի սեղանին դրեց Արտակ Դավթյանին ԳՇ պետ դարձնելու մասին իր առաջարկը:

Հիշենք, սա այն գեներալն է, որը Նիկոլ Փաշինյանի ձեռքին դարձավ խաղալիք՝ մի քանի դրվագներով: Սկզբում, հեղափոխությունից հետո, համաձայնեց ԳՇ պետ դառնալ, ապա կորոնավիրուսի պայմաններում որդու հարսանիքն իր տանը կազմակերպելու տեսնայութից հետո պատժվեց Նիկոլի ձեռամբ և ազատվեց  բարձր պաշտոնից։ Հետո համաձայնեց ռազմարդյունաբերական ոլորտը համակարգող դառնալ, միաժամանակ պատերազմի օրերին նշանակվեց Սյունյաց աշխարհը պահող հրամանատար։ Բայց կապիտուլյացիոն ակտից հետո հողեր հնձնեց ու ազատվեց կոմիտեի նախագահի պաշտոնից:

Հիմա, երբ Իսկանդերի 10 տոկոս կրակելու մասին վարչապետի սկանդալային հայտարարության առթիվ ԳՇ պետի 1-ին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտնի հարցազրույցից հետո գլխավոր շտաբում պետի ու 1-ին տեղակալի  պաշտոնանկությունների շղթան սկսվեց, ԳՇ ողջ գեներալիտետը դուս ելավ քաղաքական իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշնյանի դեմ, այս քաոտիկ ֆոնին Արտակ Դավթյանը երկակի խաղ խաղաց:

Սկզբում նա համաձայնեց գեներալիտետի պահանջին, բայց մի քանի օր անց որոշեց օգտվել իրավիճակից. Արտակ Դավթյանը նորից համաձայնեց վերադառնալ Փաշինյանի կրկես:

Հիշեցնենք, օրեր առաջ Արտակ Դավթյանը ողջ գեներալիտետի կողմից հնչեցված վարչապետի հրաժարականի պահանջը արդարացված էր համարել: «Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է, և պետք չէ դրանում այլ տողատակեր փնտրել: ԳՇ-ի հայտարարությունը վկայում է այն մասին, որ պետության գործերը լավ չեն: Դա է ասում, որ ընդհանուր իրա­վիճակն այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանք­ների»,- ահա այսպես անկեղծացել էր Արտակ Դավթյանը, բայց նա հիմա ստիպված է «դեմ ըլլալով՝ կողմ ըլլալ» և աշխատել։  

Ուշագրավ է, որ նույն Արտակ Դավթյանը, ՀՔԾ-ում անցնում է մի կոռուպցիոն սկանդալային քրգործով, որն առնչվում է ռազմամթերքի պետգնումներին՝ հարուցված է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան-Պատրոն Դավո դուետով: 

Ավելի վաղ գրել էինք, որ Դավիթ Տոնոյանն օրերս կանչվել է ՀՔԾ և նույն գործով հարցաքննության է կանչվել նաև Արտակ Դավթյանը: Առայժմ մեղադրանք ունի ու կալանավորված է Պատրոն Դավոն, իսկ Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանն առայժմ կանչվել են վկայի կարգավիճակով, թեև նախաքննական փուլը չի ավարտվել և հայտնի չէ վերջում ով ինչ մեղքեր կշալակի՝ որ հոդվածներով:

Ի դեպ, դատալեքում Արտակ Դավթյանը արդեն իսկ հարուստ կենսագրություն է կերտել՝ նա պատասխանող կողմ է համարվում առնվազն 5 գործով, որոնք վիճարկվում են վարչական դատարանում, և հայցվորները բոլորն էլ ԳՇ իր երբեմնի ենթականերն են՝ անհիմն ազատումների հայցապահանջներով:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ