«Հայաստան» համահայկական հիմնադրամի մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում են Արցախի ու արցախցիների սոցիալական խնդիրները:
Իր աջակցության ծրագրերի շրջանակում Հիմնադրամը միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմին մասնակցած արցախցի 5564 աշխարհազորայինների ընտանիքներին: Սոցիալական աջակցության այս ծրագիրը կօգնի առժամանակ հոգալ նրանց ընտանիքների կենսական պահանջները։
Արցախյան 44 -օրյա պատերազմի ընթացքում, Պաշտպանության բանակի հետ միասին, աշխարհազորը կամավորական սկզբունքով անձնվիրաբար լծվել է Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Ծրագրով Հիմնադրամն ընդհանուր առմամբ աշխարհազորայինների ընտանիքներին կհատկացնի 1 մլրդ 112 մլն 800 հազար դրամ գումար, որը կփոխանցվի «Արցախփոստ»-ի միջոցով:
Հիմնադրամը շարունակելու է աջակցել մեր նվիրյալներին՝ իրականացնելով տարատեսակ ծրագրեր, որոնք կօգնեն նրանց հնարավորինս շուտ վերադառնալ բնականոն կյանքի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը