Ինչպես գիտեք, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը նախօրեին հայտարարություն տարածեց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Ինչքան որ աննախադեպ էր երևույթը, նույնքան աննախադեպ էր նաև ԳՇ հայտարարությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:
Այլ կերպ ասած, երկրի բանակի հրամանատարական կազմը, գեներալներ, գնդապետներ ահազանգում են, որ վիճակը օրհասական է, որ հասել ենք եզրագծին, որ հայրենիք ենք կորցնում և արձանագրում, որ բանակը միանում է ժողովրդին, այնպես, ինչպես ժողովուրդն է միշտ բանակի հետ: Այս հայտարարությունից հետո, ի աջակցություն բանակի, բազմահազար քաղաքացիներ դուրս եկան Ազատության հրապարակ, ապա Բաղրամյան պողոտա՝ վերահաստատելու, որ իրենք էլ բանակի կողքին են:
Սակայն, ԳՇ այս հայտարարությանը միացել են բոլոր բարձրաստիճան սպաները, բացառությամբ երեքի:
Նրանք են՝ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը և ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը։
ԳՇ այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակեց սլաքներն ուղղել դեպի բանակն ու սպայական կազմը, այսօր արդեն, ուղղակիորեն մեղադրեց վատ զինամթերքի ձեռբերման մեջ, պատերազմում պարտության մեղավոր նշանակեց, մի բան էլ զարմացավ, թե ինքը նրանց աշխատավարձն է բարձրացրել, ինչու են բողոքում:
Փաշինյանը, ինչպես նշված է ԳՇ հայտարարության մեջ, այս ընթացքում տարբեր հայտարարություններով և գործողություններով վարկաբեկել է բանակն ու սպաներին, մեղադրել կոռուպցիայի, թալանի, դասալքության, դավաճանության, ամեն հնարավոր և ահնար արարքներում: Այս ամենը, իհարկե, տեսնել և չեն կարող չարձագանքնել սպաները, կոչումով զինվորականները, որոնց պարտքը հայրենիքի պաշտպանությունն է, ոչ թե նեղ անձնական շահերի սպասարկումը:
Այս ամենին, պարզվում է, համաձայն են նշված երեք սպաները և Արծրուն Հովհաննիսյանը, որը ԳՇ հայտարարությունից հետո որևէ կերպ չի արձագանքել և հասկանալի չէ՝ ինչ դիրքորոշում ունի: Նշենք նաև, որ ԳՇ այս քայլը դատապարտել են և անվանել «հեղաշրջման փորձ»՝ սորոսական շրջանակները, պաշտոնական Թուրքիան և Նիկոլ Փաշինյանը: Թուրքիայի նախագահ Էրդողանը, մեկնաբանելով Հայաստանում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ դեմ է հեղաշրջումներին:
Թե ինչքանով է նշված չորս սպաների համար պատվաբեր համալրել այս շարքը, թողնենք նրանց ընտրությանը:
ՈւՇԱԴՐՈւԹՅՈՒՆ․ Հայտարարությանը չմիացածների շարքում նշել էինք նաև ՀՀ Զինված ուժերի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանի անունը։ Գնդապետ Արթուր Չատյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը կորոնավիրուսով պայմանավորված՝ գտնվում է մեկուսացման մեջ և տեղյակ չէր հայտարարության մասին, այլապես կստորագրեր հենց սկզբից։ «Իհարկե՝ միանում եմ, եթե իմանայի, կստորագրեի նաև էն ժամանակ»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը