16 02 2021

Լավ օրից չէ, որ տարբեր գաղափարախոսություն կրողներ համախմբվել են. Վարդան Վարդանյան

Լավ օրից չէ, որ տարբեր գաղափարախոսություն կրողներ համախմբվել են. Վարդան Վարդանյան

Եղեգնաձորում ավարտվել է «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը Վայոց ձորի մտավորականների հետ: Երկրի առաջ ծառացած այսօրվա օրհասական վիճակի և դրա հաղթահարման ուղիների շուրջ հանդիպում-քննարկմանը ելույթ են ունեցել «Ձայն հայրենեաց»-ից` գրականագետ, ԵՊՀ դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանը, ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը, ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, գնդապետ, գրող, հրապարակախոս Աշոտ Մինասյանը, «Զարթոնք» անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Սարգսյանը:

Իրենց մտահոգություններն են հայտնել նաև մարզի տարբեր համայնքների մտավորականներ: Մաթեմատիկոս Վարդան Վարդանյանն իր ելույթում նշել է, որ այսօր բոլորովին տարբեր մարդկանց, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների, տարբեր գաղափարախոսություն կրողների մեկտեղել է մի խնդիր, որը մտահոգում է բոլորին: «Դա լավ օրից չէ: Պարզվեց, որ սոցիալիստը, ազգայնականը և ծայրահեղ լիբերալը մի հարցում լրիվ համակարծիք են` այս իշխանությունը աղետ է մեր երկրի գլխին: Խնդրի լուծման մի ճանապարհ կա: Ես այս իրավիճակում ինձ պատկերացնում եմ միջին վիճակագրական տվյալներով մարդ` իրավիճակը հասկանալու համար: Եվ որպես միջին վիճակագրական տվյալներով մարդ կատաղում ես, երբ ասում են այսինչ մարդը հայտնվել է քաղաքականության մեջ ու սկսում ենք` հաաա սա էն էր , որ.... Հերն էլ անիծած, թե ով էր, միակ մտահոգությունը այսօր պետք է լինի գլխավոր խնդիրը, որի լուծման համար հարկավոր է համախմբվել»,- ասել է Վարդան Վարդանյանը և «Ձայն հայրենեաց»-ին շնորհակալություն հայտնել իրենց միջոցառմանը ներկա գտնվելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ