Panorama.am-ը գրում է.
Հիմա լա՞վ ես ապրում, Սերգո ջան։ Չէ՞ որ Ղարաբաղի հարցն արդեն լուծվեց․․․
Ասում էր չէ Լևոն Տեր-Պետրոսյանը 1997-ի սեպտեմբերին՝ «Լավ չես ապրի Սերգո ջան, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի»։ Նա չկարողացավ, իսկ այ իր հոգեզավակը 2020-ին լուծեց հարցը՝ Արցախը նվիրեց ադրբեջանցիներին։ Չհասցրեց ամբողջությամբ նվիրել կամ ծախել, քանի որ ռուսները փրկեցին վերջին մի փոքր հատվածը։ Բայց սա այլ թեմա է, խոսքն այժմ պողոս դարձած Սերգոյի ինքնազգացողության մասին է։ Պետք է որ լավ ապրեր՝ Արցախը որպես բեռ դիտարկողների տեսանկյունից․․․ բայց հաստատ լավ կյանքից չեն պողոսները փետրվարի 1-ից բազմապատիկ թանկ տոմսերով Ռուսաստան փախչում։ Ստացվում է, որ չեն հավատում իշխանությունների՝ ապաշրջափակումից հետո լավ ապրելու հավաստիացումներին։ Այսինքն՝ առնվազն ներքուստ ընդունում են, որ մեկ անգամ արդեն լավ խաբվել են։ Կամ էլ ինքնապահպանական բնազդը հուշում է, որ անհնար է թուրքի հետ խաղաղ համակեցությունը։
Ինչևէ, հեռանում են փող աշխատելու՝ ջլատված երկրի հոգսերը թողնելով մնացողների վրա։
Հայի մի տեսակ կա, որ միշտ դժվարությունից փախչում է․այդ պատճառով էլ արտագաղթը մեզնից անպակաս է միշտ։ 1990-ականների կեսերին միջինացված տվյալներով երկրից արտագաղթեց 700 հազար մարդ։ Ընդ որում, այդ տարիներին հեռացան իրենցից որոշակի արժեք ներկայացնող քաղաքացիներ․․․ Բայց հո չվերացա՞նք։ Ապրեցինք, ոտքի կանգնեցինք, 1998-ից սկսած տնտեսական աճ գրանցեցինք, 2000-ի կեսերից էլ տարածաշրջանի ամենից արագ զարգացող երկրների հնգյակում էինք, և այդ ամենը Արցախի հետ։
Այդ տարիների վերելքը հույս է ներշնչում, որ այս անգամ էլ ոտքի կկանգնենք։ Չնայած, անկեղծ ասած, այս անգամվա հարվածները շատ դաժան են ու խորքային, անդառնալի են մարդկային ու տարածքային կորուստները, վտանգված են ազգային արժեքներն ու մեր հոգևոր ամրությունը։ Հուսահատությունից երբեմն շնչահեղձ ես լինում։ Այդուհադերձ, եթե դուրս գանք մեր միկրոաշխարհից և նայենք այլ պետությունների վերականգման օրինակները, կկարողանանք ավելի լավատեսորեն տրամադրվել մեր ապագայի հանդեպ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիայի տարածքում ձևավորվեցին չորս ռազմական գոտիներ՝ բաժանված Ամերիկայի, Բրիտանիայի, Սովետական Միության և Ֆրանսիայի միջև։ Թվում է, թե վերջ, այս պետությունն այլևս չի կարողանա վերականգնվել։ Այդուհանդերձ, այսօր Գերմանիան աշխարհի ամենահզոր պետություններից մեկն է։ Ինչպե՞ս։ Որովհետև օրհասական պահերին ճակատագիրը ասպարեզ է նետում մարդկանց, ովքեր կարողանում են զգալ միակ ճիշտ ուղին և ստիպել հասարակությանը ենթարկվել դրան։ Այդ մարդը Գերմանիայի պարագայում եղավ Կոնրադ Ադենաուերը՝ 1949- 1963թթ․ Ֆեդերատիվ Գերմանիայի առաջին բունդեսկանցլերը։ Նրա կառավարման տարիներին երկիրն ապրեց աննախադեպ տնտեսական աճ, իսկ 1950-ականների սկիզբն ընդունված է կոչել «տնտեսական հրաշքի» ժամանակաշրջան։ Միշտ չէ հարթ եղել նա երկարատև քաղաքական ուղին, բայց միշտ էլ նա ծառայել է իր հայրենիքին։
Վերադառնանք մեր երկիր և խոստովանենք, որ ճակատագիրը մեզ էլ էր տվել բացառիկ առաջնորդ՝ 1990-ից Արցախում, իսկ 1997-ից՝ Հայաստանում։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, ում նկատմամբ դեռևս շարունակվող քաղաքական հետպանդումը արդեն լիակատար ֆարսի է վերածվել։ Հասարակությանը սթափեցրած պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները ապացուցեցին այն բոլոր փաստարկները, որոնք երկու տարի շարունակ կրկնում էին այդ խայտառակ գործի մեղադրյալներն ու նրանց պաշտպանները․․․ դավաճանները դատում են հերոսներին։ Սա արդեն ընդունում են անգամ այն մարդիկ, ովքեր դեռ մեկ տարի առաջ դեմ չէին Քոչարյանի դեմ արշավին։
Գործող վարչախմբի գիտակցված վնասարարության և անկարողության հետևանքով հայտնվել ենք անդունդի պռնկից կախված վիճակում։ Եվ այս օրհասական պահին, երբ իրոք հարցականի տակ է մեր պետականության հետագա գոյությունը, շատերն են սկսում վերհիշել իրենց իսկ կյանքը 1995 ու 2005 թվականներին, և գահավիժումից փրկվելու հույսը կապում են Երկրորդ նախագահի հետ։ Նժարին է դրված հայկական պետությունը պահելու խնդիրը, և Աստված տա, այնքան հեռատեսություն և լայնախոհություն կարողանանք դրսևորել, որ անենք միակ ճիշտ քայլը՝ երկրի կառավարման ղեկը հանձնենք մարդու, ով մեկ անգամ արդեն ապացուցել է իր պետականամետությունը, հայրենասիրությունն ու ազգասիրությունը։
Լիա Իվանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը