Հունվարի 29-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն: Այս մասին տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրաիլ) ուղղությունից: Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հունվարի 29-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1344 աճյուն: Այսօր փրկարարական ջոկատները կաշխատեն Հադրութի շրջանում և ՀՀ Սյունիքի մարզի տարածքում:
Նշենք, որ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ռազմագործողություններին մասնակցած և տեղանքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը