Politik.am-ը գրում է.
Ընդդիմադիր քաղաքական դաշտը, հասարակության լայն հատվածը մշտապես խուսափում է արձանագրված պարտության մեջ բանակի հրամանատարական կազմի «փայի» հիշատակումից, բայց հիմա ժամանակն է ասել այն ինչ կա առանց սեթևաթանքի։
Բանակի հրամանատարական կազմը, առավելապես Գլխավոր շտաբը նույնքան մեղավոր են այս պարտության մեջ, որքան որ քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ ԳՇ-ում սխալների գլխավոր պատասխանատուն էլ պետ Օնիկ Գասպարյանն է։
Առաջին հայացքից թվում, թե Օնիկ Գասպարյանը բարոյական և առաքինի զինվորական է, բայց դա միայն առաջին հայացքից։ Եթե պատերազմի խայտառակ ավարտից անմիջապես հետո տպավորություն էր, թե նա կապ չունի տեղի ունեցած անօրինականությունների, կոռուպցիոն գնումների և բանակը թուլացնելու գործընթացի հետ, ապա հիմա ամեն բան պարզ է։ Այդ օրերին ԳՇ պետին արդարացնողներն ասում էին, որ նա միայն բանակը չկազմաքանդելու համար է մնում Փաշինյանի կողքին և որ կարճ ժամանակում հրաժարական կտա ու կասի ճշմարտությունը, որը մեզ կանգնեցրել է պարտության առաջ։
Ի հեճուկս Գասպարյանի պաշտպանների, նա ապացուցեց, որ իրականում նույնքան մեղավոր է, որքան Փաշինյանը, իսկ որպես զինվորական երդում տված անձ` գուցե ավելի մեղավոր է։ Գասպարյանն իր վրա վերցրեց Փաշինյանի քաղաքական «տամպոնի» դերակատարումը ու մոլորեցնելով հանրությանն ու ընդդիմադիրներին՝ ժամանակ ձգեց, որպեսզի Փաշինյանը կարողանա ամրանալ։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո նա ընդդիմադիր առաջնորդներին և պարտության հետ չհամակերպվող զինվորականներին վստահեցրել էր, որ այս ամենի համար պատասխան է պահանջելու Փաշինյանից, միայն թե խնդրել էր մի քանի օր քայլեր չձեռնարկել։ Հենց այդ մի քանի օրն էին, որ հնարավորություն տվեցին Փաշինյանին և իր դրսի պատվիրատուներին մեդիատեռորի, ուժային կառույցների ճնշումների արդյունքում կոտրել հանրային ցասման ալիքը։
Փաստորեն Օնիկ Գասպարյանը օգտագործեց իր զինվորական պատիվը, գեներալի կոչումը և սպայի երդման արժեքը ու ստով պահեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Հենց այս իմաստով է, որ նա կատարեց «տամպոնի» դերակատարումը` իր վրա վերցնելով Փաշինյանի քայլերի արդյունքում առաջացած կեղտը։
Բայց Գասպարյանը մոլորության մեջ է։ Պատմության մեջ չի եղել դեպք, երբ «տամպոնը» մեկանգամյա օգտագործման չլինի։ Իր ժամանակն էլ գալու է, և ինչպես արժանի է անարժանին՝ նա կգնա հազարավոր զինվորների արյունը իր ձեռքերին ու կապրի իր անպատիվ կյանքի մնացյալ օրերը մարդկային թշվառության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը