15 01 2021

Երևանում մեկնարկել է աղբի տեսակավորման գործընթաց

Երևանում մեկնարկել է աղբի տեսակավորման գործընթաց

Մայրաքաղաք Երևանի փողոցներում այսուհետ հնարավոր կլինի աղբը տեսակավորել։ Մեկնարկն արդեն տրված է։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի  թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը Yerevan.Today-ի հետ զրույցում հայտնեց, որ ծրագրի նպատակն է քաղաքացիների կենցաղ մտցնել աղբը տեսակավորելու մշակույթը, որ միտված է բնության պահպանությանը։

«Մեր բոլոր քայլերով պետք է անենք ամենը, որպեսզի մեր քաղաքի բնությունը կարողանանք  պահպանել և հնարավորինս զերծ պահենք քաղաքը աղտոտումից։ Մենք հնարավորինս բացառում ենք թափոնների հատկապես վերամշակվող և վերաօգտագործվող  թափոնների մուտքը աղբավայր, այսպիսով  այս պահի դրությամբ առայժմ մեզ երկու տարի պետք կլինի, որ մոտավոր թվեր կարողանանք ասել՝ ինչքան է ենթադրենք Երևանում աղբի բաղադրությունը՝ ո՞րն է ստվարաթուղթ, ո՞րն է պլաստիկ, ո՞րը ապակի կամ վտանգավոր  թափոնները։ Նաև այդ աշխատանքն ենք անելու»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Նա նաև հայտնեց, որ ծրագիրն իրականացվում է միջազգային կազմակերպության հետ և դեռևս 2020 թվականի հոկտեմբերի մեկից պետք է մեկնարկեր իրազեկման քարոզարշավը և նոյեմբերի 2-րդ կեսից պետք է տեղադրվեին թափոնամանները Երևանի բոլոր վարչական շրջաններում, սակայն հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը պրոցեսը դանդաղեց․

«Քանի որ միջազգային կազմակերպության հետ ունենքն պարտավորություններ, որոշեցինք ամեն դեպքում սկսել թափոնամանների տեղադրումը, թեկուզ քիչ քանակով։ Այսինքն սկզբնական շրջանում նախատեսված էր ունենալ 130-135 կետ ընդհանուր քաղաքում, այս պահի դրությամբ տեղադրված է 60 կետում՝ բացակայում են Մալթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում»։

Հարցին՝ ինչ քայլեր են ձեռնարկվում, որ հանրությունը հարմարվի աղբի տեսակավորման մշակույթին, Հովհաննիսյանը նշեց․

«Հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր կփաստեն, որ, այո,  ժամանակը վաղուց անցել է, մենք դեռևս  վաղուց պետք է սկսեինք տեսակավորումը անել,  բայց կարելի է փաստել, որ այս պահի դրությամբ մենք ունենք արդեն միջազգային փորձը, այսինքն կան երկրներ, որոնք արդեն կիրառել են, և այսպիսի խոսք կա՝ ուրիշի սխալների վրա մենք կանենք ճիշտը, բայց նախքան  գլոբալ իրազեկման պրոցեսը սկսելը նախ ներկայացվելու են խնդիրները մեր քաղաքացիներին և սովորեցնելու ենք ինչպես աղբը տեսակավորել և ինչ կտա քաղաքին աղբի տեսակավորումը։ Կարծում եմ՝ բոլորն էլ կցանկանան ունենալ մաքուր մայրաքաղաք, դրա համար բոլորն էլ իրենց ներդրումը պետք է ունենան»։

Հայկ Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ նախատեսվում է ուսումնական հաստատություններում, նախակրթական դպրոցներում աղբի տեսակավորման վերաբերյալ դասընթացներ կազմակերպել, որպեսզի երեխաները մանկուց սովորեն աղբ տեսակավորել, հասկանալ դրա օգուտը բնության համար։

Խոսելով արդեն ի հայտ եկած խնդիրներից Հովհաննսյանը նկատեց․ «60 կետում ունենալով թափոնամաններ, մենք ունենք խնդիր 10 կետում։ Օրինակ, երբ տեսնում ենք, որ այս կետերում բնակիչները աղբը չեն տեսակավորում, մեր մասնագետները մոտենում են, իրազեկում են՝ ինչի համար են աղբամանները տեղադրված, բացատրում են ինչպես օգտվել։ Աղբի կառավարման  ոլորտը մեծ կառույց է, որը պետք է կայանա»։

Միաժամանակ նա հայտնեց, որ արդեն արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիները փոքր աղբամանները, որոնք ապակու թափոնների համար են նախատեսված, մի քանի տեղից գողացվել են․

 «Բնականաբար դիմել ենք ոստիկանություն, այս պահին էլ մտածում ենք զսպող մեխանիզմների մասին։ Սկզբանական շրջանում, բնականաբար, տուգանք չի լինի։  Մենք էլ կարծում ենք, որ այս մշակույթը նոր է և դեռ պետք է հանրությունը սովորի։ Մնացած դեպքերում  կարելի է ասել թափոնամանները 80-85 տոսկով նպատակային են ծառայում»։

Մայրաքաղաքում առկա աղբի տեսակավորման թափոնամանների հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ