12 01 2021

Լրագրողական կազմակերպությունները ՊՆ-ին կոչ են անում ծառայողական քննություն նախաձեռնել

Լրագրողական կազմակերպությունները ՊՆ-ին կոչ են անում ծառայողական քննություն նախաձեռնել

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների և ՊՆ պաշտոնյայի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Հունվարի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում զինծառայողների ծնողների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժարվել է ներկայանալ, ԶԼՄ-ներին արգելել է նկարահանումներ իրականացնել։ Ապա վեճ է սկսվել նրա ու «24News» լրատվական կայքի օպերատոր Ժորա Հովսեփյանի միջև, երբ վերջինս ասել է, որ միայն խմբագրի համաձայնությամբ կդադարեցնի ուղիղ եթերի հեռարձակումը։ ՊՆ պաշտոնյան փորձել է նաև հարվածել օպերատորին, սակայն հարվածը դիպել է տեսախցիկին։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք արտահայտում այս միջադեպի կապակցությամբ։ Եթե ընդունենք, որ ռազմական համալսարանը հատուկ պահպանվող հաստատություն է, և լրատվամիջոցների գործունեության համար համապատասխան կարգ է նախատեսված, այդուհանդերձ, ծագած խնդիրը պաշտոնյան պարտավոր էր լուծել քաղաքակիրթ եղանակով, այլ ոչ թե փորձեր բռունցքներով «հաշիվ մաքրել»։ Տարակուսանք է առաջացնում նաև միջադեպի վայրում ոստիկանների պասիվ կեցվածքը մինչ այն պահը, երբ վեճը հասավ քաշքշոցի։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

- Պաշտպանության նախարարությանը՝ ճշտել միջադեպի մասնակից բարձրաստիճան սպայի ինքնությունն ու ծառայողական քննություն նախաձեռնել՝ նրա գործողությունների իրավաչափությունը ճշտելու համար։

- Ոստիկանությանը՝ առավելագույն պրոֆեսիոնալիզմ դրսևորել՝ օրենքի սահմաններում հաղթահարելու կոնֆլիկտները, որոնք այս ծայրահեղ լարված հասարակական-քաղաքական պայմաններում ծագում են լրատվամիջոցների աշխատանքում՝ թե պաշտոնատար անձանց, թե շարքային քաղաքացիների հետ շփվելիս։

- Լրատվամիջոցներին՝ կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորել արժանապատիվ կեցվածք, մնալ էթիկայի նորմերին հավատարիմ, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահներին»։

Հայտարարությանը միացած կազմակերպություններն են՝

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ