Անհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են անում Էջմիածնի զորամասի մոտ։ Նրանք խարույկ են վառել զորամասի մոտ և պատրաստվում են գիշերել այնտեղ։ Ծնողները նշում են՝ կմնան այնքան, մինչև իրենց ընդունեն։
Նրանք նշել են, որ հանդիպել են տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ, սակայն արդյունքը չի գոհացրել իրենց, իսկ զորամասի մոտ հավաքվել են հրամանատարության հետ հանդիպելու համար, սակայն այստեղ էլ նրանց չեն ընդունել, ուստի այլ ելք չունեն, իրենց պահանջը ոչ մի արդյունքի չի հասել։
«Մեր երեխաներին էս զորամասից են տարել, էստեղից էլ պահանջում ենք, գոնե թող գործն ընթացք ունենա։ 80 օր է գործն ընթացք չունի․ մեզ այժմ անգամ զորամաս մտնել թույլ չեն տալիս, ճաղավանդակներ են դնել»,-ասել է նրանցից մեկը։
Նա նշել է, որ հանդիպում են ունեցել նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, վերջինս խոստացել է ընթացք տալ, սակայն երբ կլուծվի, հայտնի չէ։
«80 օր է այդ տարածքում որոնողա-փրկարարական աշխատանքներ տեղի չեն ունեցել, մենք չգիտենք՝ էդ հատվածում ինչ է թաքցնում թշնամին։Սա արդեն վերջին քայլն է։ Մեր երեխեքին էստեղից են տարել»,-եզրափակեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը