Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում «Երազանք» զարգացման հիմնադրամի կողմից՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ, հունվարի 6-ին կազմակերպվել էր Սուրբ Ծննդյան միջոցառում։ Միջոցառման շրջանակներում Ստեփանակերտում հնչեց հոգևոր երաժշտություն՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Արցախի պետական կամերային երգչախմբի (խմբավար՝ Նինա Գրիգորյան), սոպրանո Սիրանուշ Գասպարյանի կողմից։
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, շնորհավորելով ներկաներին Սուրբ Ծննդյան առթիվ, մաղթեց, որ տոնական տրամադրությունն ուղեկից լինի բոլոր հայերին։ «Մաղթում եմ խաղաղ տարի։ Թող մանուկ Հիսուսը, որ խաղաղության թագավոր է, մեզ բոլորիս իր խաղաղությունը պարգևի, և բոլորս ապրենք հույսով, Սուրբ Ծննդյան լույսով։ Եվ այդ լույսը թող առաջնորդի մեզ դեպի այն ապագան, որին մենք հավատում ենք, որն էլ մենք ձեզ հետ միասին կերտելու ենք՝ հույսով, հավատով, սիրով և ամենակարևորը՝ միաբան, միաբան ոգով»,- իր խոսքում ասաց սրբազանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ երաժշտությունը մարդկանց ապրեցնելու ուժ ունի.
«Կան նախագծեր, կան գաղափարներ, որ պետք են, դրանք փոխում են մթնոլորտը։ Մարդկանց հույսը, ապագայի նկատմամբ ակնկալիքները պետք է վերածնվեն։ Այս համերգային ծրագրի գաղափարախոսությունը դա է»։ Համերգային ծրագրում ներառված էին Բարսեղ Կանաչյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Յոհան Սեբաստիան Բախի և այլ հեղինակների ստեղծագործություններից։ Կազմակերպիչները նշում էին, որ շատ կարևոր էր «Երազանք» զարգացման հիմնադրամի մեկնարկն ազդարարող այս միջոցառումը։
Հիմնադրամի համահիմնադիր Սևան Ասլանյանի փոխանցմամբ՝ միջոցառման կազմակերպման համար խորհրդակցել են Պարգև սրբազանի, Ստեփանակերտի քաղաքապետի, հասարակական դաշտում գործունեություն ծավալող ընկերների հետ և շնորհիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Արցախի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարների՝ կարողացել են հոգևոր խորհուրդ ունեցող այս միջոցառումը կյանքի կոչել։
«Հիմնադրամի ստեղծման գաղափարը ծնվեց պատերազմի օրերին, երբ մենք ընկերներով՝ ինչպես բոլորը, փորձում էինք մեր մասնակցությունն ունենալ՝ արցախցիներին աջակցելու հարցում։ Սակայն հասկացանք, որ հատկապես հետպատերազմական ժամանակաշրջանում ավելի կարևոր է համակարգային մոտեցում ցուցաբերելը և զարգացման ծրագրեր իրականացնելը և ստեղծեցինք «Երազանք» զարգացման հիմնադրամը»,-ասել է հիմնադրամի համահիմնադիր Արմեն Թավադյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը