Արտակ Թովմասյանը բաց նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին
Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Թույլ տվեք շնորհավորել Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Մաղթում եմ Ձեզ, որ 2021 թվականը դառնա ծաղկունքի, բարեկեցության եւ նպատակների իրականացման տարի։
Պարո՛ն նախագահ,
նախ և առաջ հայտնում եմ Ձեզ իմ խորին հարգանքն ու հատուկ երախտագիտությունն այն ամենի համար, ինչ Դուք արել և շարունակում եք անել մեր երկրի համար: Մենք և մեր սերունդները երբեք դա չենք մոռանա։
Ադրբեջանի քաղաքական ղեկավարության տրամադրությունների և նրանց կողմից Հայաստանի ներկայիս կառավարության վրա Արցախից հայկական զորքերի դուրսբերման հարցով տարածված ճնշման ֆոնին մեր ժողովուրդը մեծ վախ ունի՝ կապված իր երկրի խաղաղության և անվտանգության հետ:
Այսօր մեր ողջ ժողովուրդը աղոթում է ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում խաղաղության պահպանման և ամրապնդման համար, ու Ռուսաստանի Դաշնությունը եղել է ու կլինի տարածաշրջանի անվտանգության պահպանման միակ երաշխավորը:
Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, Ձեր արդյունավետ քայլերը ռազմագերիների փոխանակման, մեր հերոսաբար զոհված զինվորների մարմինների տեղափոխման և Ադրբեջանին փոխանցված տարածքներում մեր հոգևոր արժեքների պահպանման ուղղությամբ թույլ կտան հայ ժողովրդին դուրս գալ այս աղետից և հաստատուն կերպով կանգնել զարգացման ուղու վրա: Եվ ես համոզված եմ՝ միայն Ռուսաստանի Դաշնության հետ միասին մենք կկարողանանք հաղթահարել մեզ համար այս դժվարագույն ժամանակահատվածը և համատեղ ջանքերով ստեղծել մեր երկրի զարգացման նոր ուղիներ` ընդհանուր ռազմավարական, գործընկերության և հոգևոր քրիստոնեական արժեքների հիման վրա:
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, խնդրում եմ Ձեզ այս կապակցությամբ գործադրել ամեն ջանք տարածաշրջանում անվտանգության ապահովման համար, ինչը իր հերթին կկանխի Հարավային Կովկասում նոր զինված բախումները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը