Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ երկուշաբթի աշխատանքային այցով լինելու է Սյունիքի մարզում: Առավոտյան էլ հերթական լայվի ժամանակ ասաց, որ գնում է պատասխանելու սյունեցիների հարցերին և նրանց աչքերի մեջ նայելու: Վաղ առավոտից արդեն Կապանում, Գորիսում ու Մեղրիում ճանապարհներ էին փակել և նշել, որ չեն թողնելու Փաշինյանի ոտքը մտնի իրենց ծննդավայր:
Սիսիանում Փաշինյանը հայտարարեց, ճանապարհը փակելը սադրանք է, գիտեն, որ իրեն լավ են ընդունելու այդ քաղաքներում, դրա համար են փակել: Նա առաջարկեց գործարքի գնալ՝ բացել ճանապարհը և տեսնել, թե ինչպես իրեն կընդունեն: Արդյունքում Փաշինյանի այցը սահմանափակվեց միայն Սառնակունք և Սիսիան այցելությամբ: Նա չեղարկեց իր այցը Գորիս, Կապան և Մեղրի:
Նշենք նաև, որ Սիսիանի բնակիչներից շատերը նախապես գնացել էին Գորիս՝ միանալու տեղի բնակչությանը, որոնք փակել էին ճանապարհը:
Հիշեցնենք, որ Սիսիանի եկեղեցիում տեղի ունեցավ միջադեպ. եկեղեցու քահանան ցուցադրաբար հրաժարվեց սեղմել նրա ձեռքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերվանից ոստիկանության զորքերից թվով 2000 անձնակազմ շարժվել է դեպի Սյունիքի մարզ՝ Սյունիքի դարպասներ Զանգերի մոտ, որտեղ սյունեցիները պետք է իրականացնեին իրենց բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ Փաշինյանի մուտքը Սյունիք՝ արգելելու մասին գորիսեցիների բողոքի ակցիայի վերաբերյալ նախապես հայտարարած Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին այսօր՝ վաղ առավոտյան ձերբակալվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը