12 12 2020

Արսեն Ղազարյանը կողմ է եղել, որ Հիմնադրամը գումարը փոխանցի Կառավարությանը

Արսեն Ղազարյանը կողմ է եղել, որ Հիմնադրամը գումարը փոխանցի Կառավարությանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հայաստան» համահայկական հիմանդրամին պատերազմի օրերին հանգանակած գումարի մեծ մասը՝ 52 մլրդ դրամ, նվիրաբերվել է պետական բյուջեին։ Սա հասարակության շրջանում դարձել էր բուռն քննարկումների առիթ, մանավանդ որ, գումարը «Մենք ենք մեր սահմանները» խորագրի ներքո փոխանցվել էր Արցախում կոնկրետ խնդիրների լուծման համար։

Արդյո՞ք հոգաբարձուների խորհուրդը, որը իրավազոր է նիստով համաձայնություն տալ նվիրաբերումներին, կայացրել է այդ համաձայնությունը։ Այդ մասին գրավոր հարցեր ենք ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Մինչ այդ, Yerevan.Today-ը պարզեց, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նիստի մասնակցելու և համաձայնություն տալ-չտալու համար չեն դիմել, և նրանք տեղյակ չեն եղել Հիմնադրամի՝ կանոնադրությունից չբխող նվիրաբերումների մասին։

Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ Հիմնադրամի գումարների շուրջ բարձրացված աղմուկից հետո, որպես ի պաշտոնե հոգաբարձրուների խորհրդի նախագահ, հայտարարություն տարածեց, որ ստիպված է միջազգային աուդիտ հրավիրել, որպեսզի պարզվի «Մենք ենք մեր սահմանները» խորագրի տակ հայրենակիցներից հանգանակված գումարների ծախսերը:  Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել էր, որ ինքը դեմ է եղել հիմնադրամի փողերը «տանելու» հրահանգված ձևին, ինքն առաջարկել է որպես փոխառություն այն ձևակերպել։

Մինչ Հիմնադրամից կպատասխանեն մեր հարցմանը, Yerevan.Today-ը կապ հաստատեց նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանի հետ, որը նշեց, որ, իր տեղեկություններով, հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը տեղեկացված է եղել փոխանցվող գումարների մասին, ինչպես նաև հայտնեց, որ պատերազմի օրերին գումարները պետբյուջե փոխանցելու համար հիմնադրամի կողմից անցկացվել է առցանց քվերակություն․ «Ես էլ կողմ եմ քվեարկել, հրատապության կար, որպեսզի բյուջեն կարողանա այդ ծախսերը ըստ նպատակային օգտագործի, հետո հաշվետվություն տա։ Մենք շատ ճիշտ քվերակություն ենք արել, մենք հասկանում էինք՝ ինչ էինք անում և իմ ունեցած տեղեկություններով, Հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը կողմ է քվեարկել, դեմ չենք ունեցել»։

Արսեն Ղազարյանը տեղյակ չէր, թե հոգաբարձուների խորհրդի անդամներից ում է հրավեր եղել մասնակցելու նիստին, ում՝ ոչ, բայց նշեց, որ պատերազմի 42 օրերի ընթացքում եղել են երեք կամ չորս քվեարկություններ, որոնք արձանագրված են։ «Քվեարկելիս էլ մեր նամակներում նախնական գրվել է, որ հաշվետվություն պետք է ներկայացվի, որպեսզի թափանցիկությունն ապահովվի, իսկ վերջերս նաև նախագահը, հիմնադրամի նախագահն առաջարկեցին և մենք մեր տեսակետները տվեցինք, որ կառավարությունը պետք է միջազգային թափանցիկ աուդիտ անի և նաև նոր պայման է դրվել կառավարության առջև, որ սա ձևակերպվի որպես փոխառություն, որ գումարները Հիմանդրամը տվել է կառավարությանը, որպեսզի հետո հետ տա հիմանդրամին, քանի որ, ըստ կանոնադրության, հիմնադրամը պարտավոր է ֆինանսավորել միմիայն խորհրդի կողմից հաստատված ծրագրերը»,- ասաց հոգաբարձուների խորհրդի անդամը՝ հավելելով, որ այլ ելք չկար։

Ղազարյանը կասկած չունի, թե կարող են այդ գումարները աննպատակ օգտագործվել և հույս հայտնեց, որ կառավարությունը հիմնադրամի առաջարկը կհարգի և կընդունի։

Արմինե Արմենակյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ