10 12 2020

Ռոբերտ Քոչարյանին երկու տարուց ավելի է՝ որևէ հրավեր կամ որոշման նախագիծ չի ուղարկվել հիմնադրամից․ գրասենյակ

Ռոբերտ Քոչարյանին երկու տարուց ավելի է՝ որևէ հրավեր կամ որոշման նախագիծ չի ուղարկվել հիմնադրամից․ գրասենյակ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները» խորագրի ներքո Արցախի համար հանգանակած գումարների մեծ մասը՝ շուրջ 80 տոկոսը, հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս է ծախսել։ Եվ դա արվել է գաղտագողի, առանց հոգաբարձուների խորհրդի կարծիքը հաշվի առնելու, և, ըստ էության, առանց հոգաբարձուների խորհրդի անդամներին կամ նրանց մեծամասնությանը դիմելու։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի նախագահն է, կասկած հայտնեց հիմնադրամի ծախսերի արդյունավետության շուրջ։ Ասաց, որ ստիպված է միջազգային աուդիտ հրավիրել՝ պարզելու համար, թե Արցախի համար հանգանակած գումարներն ինչ են եղել։

Yerevan.Today-ը զրուցել էր Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, որը հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ․ նախագահը հայտնել էր, որ իրեն, որպես խորհրդի անդամի, չեն հայտնել հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս հատկացումների մասին։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է հանդիսանում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Yerevan.Today-ը դիմեց նաև երկրորդ նախագահի գրասենյակ՝ պարզելու՝ երկրորդ նախագահին դիմե՞լ են, տեղեկացրե՞լ են այս ծախսերի համար։ Գրասենյակից ստացանք հետևյալ պատասխանը․ «ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդեն երկու տարուց ավելի է, ինչ որևէ հրավեր կամ որևէ որոշման նախագիծ, կամ փաստաթուղթ չի ուղարկվել հիմնադրամից: Նախագահը չի մասնակցել որևէ միջոցառման, ծանոթ չի եղել և չի հաստատել հիմնադրամի կողմից ընդունված որևէ որոշում, չնայած նրան, որ նա կարծես թե, ըստ հիմնադրամի հիմնադիր փաստաթղթերի և կանոնադրության, հանդիսանում է՝ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Ինչ վերաբերում է վերջերս ընդունված կոռուպցիոն առումով կասկածելի որոշմանը, որով հիմնադրամի գումարները (52 մլրդ դրամ) փոխանցվեցին ՀՀ կառավարոթյանը, ապա Նախագահը տեղյակ չէր այդ գործողության մասին: Մեր հարյուր հազարավոր հայրենակիցների գումարները իրենց նպատակին և կամքին հակառակ այլ նպատակով տնօրինելու մեջ մենք տեսնում ենք ՀՀ օրվա իշխանությունների կողմից համազգային կառույցների հանդեպ վստահության փոշիացման ուղղությամբ հերթական քայլը։ Հաղթանակի համար հավաքված գումարները, մի անհասկանալի և գաղտնի որոշմամբ փոխանցվեցին պարտության խորհրդանիշ՝ կառավարության տնօրինմանը: Կարծում ենք, սրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, եթե այդպիսիք Հայաստանում դեռ կան»։

Yerevan.Today-ը գրել էր, որ պատերազմի օրերին հանուն Արցախի կարիքների և հաղթանակի համար Սփյուռքից հանգանակված միլիարդավոր դրամներ են «անհետացել»: Գրել էինք, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80% ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ գաղտագողի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ